«Ավրորա»-ի այս տարվա հերոսին մրցանակը կհանձնեն այգաբացին Արարատ լեռանը հնարավորինս մոտ
«Ավրորա»-ի 2018թ. մրցանակի շնորհման արարողությունը մի յուրահատուկ եռագրություն է, ի տարբերություն 2016 և 2017 թվականների հանդիսությունների:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, որ առաջին մասը՝ «Ավրորա՝ մեծարելով մարդասերներին» միջոցառումը, տեղի կունենա հունիսի 9-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, և կներկայացնի 2018թ. «Ավրորա» մրցանակի երեք հերոսներին՝ Չո Լա Աունին, Սունիտա Քրիշնանին և Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին։
Եռագրության երկրորդ մասն այգաբացին է` Երևանից 30 րոպե հեռու գտնվող մի վայրում՝ Արարատ լեռանը Հայաստանի սահմաններում հնարավորինս մոտ։ Խորհրդանշական են ե՛ւ ընտրված ժամանակը, ե՛ւ վայրը։ «Ավրորա» նշանակում է «արշալույս» և նվիրված է մարդկության զարթոնքին. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհնչի արևածագին՝ մարդասերների համեմատաբար փոքր խմբի ներկայությամբ։
Հունիսի 10-ին հատուկ միջոցառում է նախատեսվում Մատենադարանում, որտեղ 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում։ Այն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ամփոփող ձեռագիր մատյան է, որն ամեն տարի համալրվելու է «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների մասին պատմություններով։
2018թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումները կհանգուցալուծվեն հունիսի 10-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք հանդիսությունների շարքի եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները և բոլոր հյուրերը կփառաբանեն մարդասիրությունը և «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անօրինակ խիզախությունն ու թողած ազդեցությունը։
Համաշխարհային հանրությունը կարող է հետևել միջոցառումների եռօրյա շարքին՝ միանալով նախաձեռնության՝ «Երախտագիտությունն` ի գործ» գաղափարին:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Թոմ Քաթինային
- Թոմ Քաթինան կայցելի Հայաստան
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգևի են առաջադրվել երեք նվիրյալներ
- «Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան