«Արի տուն», «Իմ Հայաստան» և «Ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես կհետաձգվեն
Սփյուռքի նախարարության հիմնական, գլխավոր ծրագրերը՝ «Արի տուն», «Իմ Հայաստան» փառատոն և «Ամառային դպրոց» ընթացիկ ծրագրեր են, որոնք հունիսի 17-ից պետք է մեկնարկեին մեկը մյուսի հետևից, ժամանակավորապես կհետաձգվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը շեշտեց, որ խոսքը 2018-ին այս թիրախային ծրագրերի իրականացման մասին է:
«Երբ սկսեցի մանրամասն ծանոթանալ «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն ՊՈԱԿ-ի միջոցով անցկացված տենդերների, ֆինանսական ծախսերի հետ, ինձ մոտ առնվազն մտահոգություններ առաջացան, որի հետևանքով ես սկսեցի հարցականի տակ դնել այս փուլում ծրագրերի իրականցումը: Առնվազն չենք բացառում, որ 2018 թվականի պետբյուջեով հաստատված ծրագրերը, որոնք դեռևս չեն իրականացվել, սակայն դրանց համար անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են դրանցում առկա լինել կոռուպցիոն ռիսկեր»,- նշեց Հայրապետյանը:
Նախարարն ասաց, որ ինքը՝ որպես սփյուռքի նախարար, պետք է կայացներ որոշում՝, ծրագրերն իրականացնել, կասեցնել կամ ժամանակավորապես հետաձգել: Ընտրվել է ժամանակավորապես հետաձգելու տարբերակը:
«Երբ հասկացանք, որ պետք է ստուգումներ արվի ֆինանսական ծախսերի ու տեղաշարժերի հետ կապված, ես հանդիպեցի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը և համաձայնություն ձեռք բերվեց, որ մենք պետք է համատեղ աշխատենք, որպեսզի փորձենք հասկանալ, տեղին են մտահոգությունները, թե ոչ: Սանասարյանի հանձնարարականով կանցկացվի աուդիտ»,- ասաց նախարարը:
Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց, որ իրենց մոտ մտահոգություններն առաջացել են նախորդ տարիներին անցկացված տենդերներն ուսումնասիրելուց հետո. «Պարզվեց, որ վերջին երեք տարիներին տենդերները շահել են հիմնականում նույն կազմակերպությունները: Անունները կհրապարակվեն իրավապահ մարմինների ուսումնասիրություններից հետո: Դեռևս փաստեր չկան, սակայն կան խոսակցություններ, որ սույն ՍՊԸ-ների գոնե մի մասը անմիջական կապ են ունեցել ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարության այս կամ այն աշխատակցի հետ»:
Նա օրինակ բերեց, որ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել. «Գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր, թե՞ ինչ: Կամ ԵՊՀ-ից 1-1,5 կմ հեռավորության վրա գտնվող իքս հյուրանոցից մեկ երեխայի համար ԵՊՀ տեղափոխվելու համար տրամադրվել է տաքսի` 1300 դրամով: Երբ մինիմալով գնալ գալը հաշվում ես 1200 դրամ է կազմում, կամ մեկ տաքսիով հնարավոր չէ՞ չորս երեխա տեղափոխել»:
Հայրապետյանը հայտնեց, որ ծրագրերի ժամկետների մասին կհայտնեն առաջիկայում, սակայն հունիսի 17-ից դրանք չեն մեկնարկի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան