Եկեղեցին այսօր նշում է Մանե և Նունե կույսերի հիշատակի օրը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Նունե և Ս. Մանե կույսերի հիշատակի օրը: Արարատյան թեմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ:
Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին:
Ըստ աղբյուրի, այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն:
Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին:
Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում