Մանրածախ առևտուրը մենաշնորհացվել է սուպերմարկետների կողմից. տնտեսագետ
«Սուպերմարկետներին ստիպեցին, որ անցնեն ԱԱՀ-ի դաշտ, ինչից հետո գները բարձրացան, հետո նորից նվազեցին։ Այսինքն՝ եթե սուպերմարկետներն այսօր աշխատում են ԱԱՀ-ով ու իրենք այնքան ռեսուրս ունեն, որ կարող են գները իջեցնել, դա նշանակում է, որ այսքան ժամանակ աշխատել են գերշահույթով»,- այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը։
Ըստ նրա՝ այստեղ լուրջ աշխատանք պետք է իրականացնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պետք է ուսումնասիրի ամբողջ շղթան, որ հասկանան, թե այս տարիների ընթացքում սուպերմարկտենրն ինչքան շահույթ են ունեցել։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նշեց, որ այսօր մենաշնորհացվում է մանրածախ առևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում: «Եթե 90-ականներից սկսած մենք առանձին ապրանքների մեծածախ շուկաներում, օրինակ՝ շաքարավազ, ալյուր, կարագ, բենզին, դիզելային վառելիք և այլն, ունեինք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, վերջին տարիներին նկատվում է մանրածախ առևտրի համակենտրոնացման աճ։ Այսինքն՝ սուպերմարկետներին բաժին է ընկնում մանրածախ առևտրի տեսակարար ավելի մեծ կշիռ, ինչի հետևանքով բազմաթիվ փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ դադարեցրել են գործունեությունը»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ 2017 թվականին մանրածախ առևտուրը 5,5 տոկոս աճ է գրանցել, այն դեպքում, երբ 1000-ից ավելի փոքր և միջին կրպակներ փակվել են։ Այսինքն, մանրածախ առևտրի աճը հիմնականում ապահովել են խոշոր առևտրային ցանցերը: «Դա նշանակում է, որ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել։ Պատահական չէ, որ վերջին տարիներին Հայաստանից արտագաղթել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Այսինքն՝ այստեղ պետք է մթնոլորտը փոխել»,- նշեց նա։
Անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտումներին՝ Սուրեն Պարսյանն ասաց, որ հանրությանը ներկայացվեց իրական պատկերը, սակայն մտահոգիչն այն է, որ ԱԱԾ-ի գործողությունները համակարգված չեն տնտեսական բլոկի հետ։ «Ներկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ազդեցությունը տնտեսության վրա շատ մեծ է, նրանք պետության մեջ պետություն են դարձել, երբ նրանց հարվածում ես, արդյունքում ամբողջ տնտեսությունը սկսում է ցնցվել, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ։Ուստի ԱԱԾ-ն պետք է այս դեպքերում տնտեսական բլոկի գերատեսչությունների հետ աշխատի»,- ընդգծեց տնտեսագետը։