«Կառավարության ծրագրի ամենալավ գնահատականը լինելու է արտահերթ ընտրությունների ժամանակ ստացած քվեն»
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճակատագրի բերումով այդ միսիան վերցրել է իր վրա և մինչև վերջ պետք է տանի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե կկարողանա արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ վերջ գնալ, կբացահայտվեն կոռուպցիոն նոր դեպքեր, թե ինչ-որ մի պահի կանգ կառնի։
Տնտեսագետի խոսքով՝ կյանքն է պարտադրելու, որ ինքն այդ ճանապարհով գնա։
«Եթե մենք ուզում են զարգանալ, խնդիրները լուծել, որոնց մասին հավաքներում է խոսվել, կամ ԱԺ տարբեր ելույթներում, դրա համար պայքարը պետք է շարունակվի մեկ ուղղությամբ, որն ամենակարևորն է, իսկ դա պայքարն է կոռուպցիայի դեմ։ Այս գործընթացը պետք է տարվի մինչև վերջ»,- նշեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ եթե կոռուպցիան չվերանա, խաղի կանոնները շարունակեն գործել, ոչ մի զարգացման, դրական սպասումների մասին խոսք լինել չի կարող։ «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը սպասումներն են, որոնք դրական են։ Հիմա նա պետք է այդ սպասումներն արդարացնի»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ տնտեսագետն ասաց, որ որպես տնտեսագետ, որպես քաղաքացի, իր համար կարևոր են խաղի կանոնները և այս ծրագիրը պետք է ցույց տա՝ այդ կանոնները փոխվում են, թե ոչ։
«Կառավարության ծրագրում 10 առաջնահերթություն կա։ Օրինակ, նրանցից մեկն ինձ համար ամենակարևորն է՝ իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով է։ Սա խաղի կանոն է, այսինքն, մենք պետք է վստահ լինենք, որ այլևս ընտրությունները չեն կեղծվելու»,- նշեց Վահագն Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ, ծրագրում կան և լավ կետեր, հաջողված և չհաջողված կետեր, սակայն կարծում է, որ այն գործնականորեն կարող է կյանքի կոչվել։ «Ինձ համար այս ծրագիրը երկարաժամկետ է, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը ժամկետներ չունի»,- հավելեց նա։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նշեց, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ծրագրերին, քանի որ այս կառավարությունը էլ նախ նման չէ նախորդներին։
«Ծրագիրն ավելի շատ կոնցեպտուալ է, դրված են նպատակներ, որի ուղղությամբ կառավարությունը քայլեր է իրականացնելու։ Կառավարությունն իր առջև դրել է մթնոլորտի փոփոխման խնդիր, որը շատ ավելի դժվար է , քան ցանկացած ցուցանիշ ներկայացնելը», - ընդգծեց տնտեսագետը։
Մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրն ավելի շատ տեսլական է։
«Այն մի կողմից պարունակում է կոնկրետ դրույթներ, բայց մյուս կողմից կան ընդհանուր դրույթներ։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո ասում էր, որ տնտեսությունը սանիտարիզացիա է անում, այսինքն՝ մաքրում է, ինձ համար կառավարության գլխավոր խնդիրը տնտեսությունը մաքրելն է, որ վերջում հասկանանք, թե ինչ ունենք»,- նշեց նա։
Նա նաև նշեց, որ կառավարության ծրագրի ամենալավ գնահատականը լինելու է արտահերթ ընտրությունների ժամանակ ստացած քվեն։ Եթե, ըստ Բաբկեն Թունյանի, կառավարությունը նպատակ է դրել պայքարել կոռուպցիայի դեմ, մթնոլորտ փոխել, այդ քվեով հասարակությունը ցույց կտա, թե ինչքանով է կառավարությունն իր գործը հաջող իրականացրել։
«Բայց պետք է նաև նկատել, որ մթնոլորտ փոխելը միայն կառավարությունից չի գալիս, դա բոլորիս գործն է, և եթե մարդիկ երկար տարիներ ապրել են մի միջավայրում և ասում են, որ այսօր պատրաստ չեն օրենքի դաշտ մտնել , դրա համար երկար ժամանակ է պետք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ծրագրում գրել ենք այն, ինչ ժողովուրդն ակնկալում է մեզնից. Մանե Թանդիլյան
- Ատոմ Մարգարյանը կառավարության ծրագիրը համարում է ֆորս-մաժորային իրավիճակում ստեղծված ծրագիր
- Կառավարության հաջորդ ծրագրում որպես չորրորդ գերակա ուղղությունը պետք է ներառվի արդյունաբերության զարգացումը. Գագիկ Մակարյան
- Լևոն Գալստյան. Կառավարության ծրագրում շրջակա միջավայրի վերաբերյալ ուղղակի թեզիսներ են
- Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում