Հետևում եմ, թե ինչպես է զարգանում Խաչատրյանի միջազգային մրցույթը. Նարեկ Հախնազարյան
Այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը` թավջութակ մասնագիտությամբ։ Այս տարի կմասնակցեն 9 երկրի 16 թավջութակահար։
«Մշակույթի նախարարության աջակցությունն այս ծրագրին ամենևին էլ պատահական չէ։ 14 տարի է արդեն մրցույթը գոյություն ունի, ինչն էլ խոսում է լուրջ դերակատարման մասին երաժշտաարվեստի ոլորտում։ Մեզ համար գերագույն խնդիր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը։ Մրցույթն առիթ է, որ մինչև մասնակցության հայտ ներկայացնելը մասնակիցները կարողանան խաչատրյանական որևէ ստեղծագործություն կատարեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն էլ մրցույթի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն համարեց, որ դափնեկիրները հանդես են գալիս շատ տարբեր բեմահարթակներում, բարձրացնում են Արամ Խաչատրյանի անունը, նաև դառնում են այլ հայտնի մրթույթների հաղթողներ։
«Մրցույթի բացման արարողությունը ուղիղ եթերում կհեռարձակի Մեդիչի TV-ն, որը դասական երաժշտության ամենահեղինակավոր հարթակներից է»,- տեղեկացրեց նա։
Հանդիպմանը ներկա մրցույթի ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին հայտնեց, որ Խաչատրյանի մրցույթի հաղթողի պատվին արժանանալու համար կպայքարեն երիտասարդ երաժիշտներ Կորեայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Դանիայից, Իսպանիայից, Հայաստանից։
«Մրցույթը մնում է մրցույթ, հասկանում եմ, որ բոլորը շատ նյարդային վիճակում են, բայց իմ ցանկությունն է, որ մասնակիցները մոռանան մրցույթ լինելու մասին, ուղղակի կատարեն իրենց սրտի երաժշտությունը, մենք ուզում ենք լսել նրանց ներսի երաժշտությունը, ոչ թե նյարդերն ու հուզմունքը»,- խորհուրդ տվեց Բագրատունին։
Ինչ վերաբերում է դրսում Խաչատրյանի արվեստի ներկայացմանը, նա ասաց. «Նվագում են Խաչատրյան, բայց այնպիսի մեծ պրոպագանդա չկա, որ կցանկանայի տեսնել»։
Մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա նաև Նարեկ Հախնազարյանը, ով 2006թ. Խաչատրյանի մրցույթի մրցանակակիրն է։
«Հայրենիքում հաղթել և դառնալ Խաչատրյանի մրցույթի հաղթող, շատ մեծ պատիվ է ինձ համար։ Շատ լավ հիշողություններ ունեմ և անընդհատ հետևում եմ, թե ինչպես է զարգանում մրցույթը»,- ասաց Հախնազարյանը։
Անդրադառանալով առաջիկա համերգներին, թավջութակահարն ասաց, որ ելույթ կունենա «Ավրորա» մրցանակաբաշխությանը, այնուհետև համերգ կունենա Վիեննայում, իսկ հուլիսին համերգային շրջագայություն կունենա ԱՄՆ-ում։
Խաչատրյանի միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը, ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը
- Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ
- Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար
- Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան