Եթե ես ընկնեի արդյունքի հետևից, լրիվ այլ կերպ կանեի. Վարդան Մինասյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ թիմը, որի հետ սկսեց աշխատել, 70 տոկոսով նոր էր իր համար։ Նա խոսեց ֆեդերացիայի հաստատած երկու խաղերի մասին։
«Երբ ֆեդերացիան հաստատեց, որ երկու խաղերը կայանալու են, մենք նախատեսել էինք երկու հավաք՝ առաջինը՝ ներքին առաջնությունում հանդես եկող տեղի ֆուտբոլիստներով, երկրորդն ընդհանուր մեր կազմով. տեղի հավաքը չկայացավ բոլորիս հայտնի իրադարձությունների պատճառով՝ ճանապարհներն էին փակ, չէինք կարող կազմակերպել»,- ասաց նա։ Մինասյանը նշեց, որ երկրորդ հավաքից առաջ ունեին 31 ֆուտբոլիստ, բայց ֆուտբոլիստներ կային՝ վնասվածքի պատճառով չմասնակցեցին կամ էլ դեռ վերջնական որոշում չէին ընդունել։
Կամո Հովհաննիսյանն, օրինակ, վիզայի խնդիր է ունեցել և չի կարողացել միանալ թիմին, ուստի նրանք Ավստրիա են մեկնել 22 հոգով. վերջին պահին «Բանանց»-ից Նարեկ Պետրոսյանն է վնասվածք ստացել ու չի միացել նրանց։
«Ինչ խնդիր էինք ուզում լուծել. առաջինը՝ թիմին ներկայացնել մեր ընդհանուր փիլիսոփայությունը, թե ոնց ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու, դաշտից դուրս ոնց պետք է ապրեինք, շարժվեինք, դա պետք է ներկայացնեինք թիմի ֆուտբոլիստներին»,- ասաց նա։
Մարզիչը նշեց, որ շատ նորեկներ ունեին. Ֆուտբոլիստներ կային, որ հավաքականում խաղում էին վերջին տարիներին, բայց ինքը ծանոթ չէր նրանց, քանի որ եթե մարզիչն ուզում է կարծիք ունենալ ֆուտբոլիստի մասին, վերջինիս պետք է ծանոթանա մարզումների ժամանակ, տեսնի՝ ինչպես է նա կատարում իր տված հանձնարարությունները։
Մինասյանը նշեց, որ իր համար երկու կարևոր կետ կա, որոնց վրա հիմնվում է, այն է՝ ֆուտբոլիստների որակն ու ցանկությունը, ընդ որում դրանք պետք է համատեղ լինեն։ «Ես շատ ուզում էի տեսնել էս երկուսը նրանց մոտ ու հավաքից շատ հարցերի պատասխան ստացա։ Մենք ուզում էինք խաղացողներին տեսնել, չորս նորեկ ունեինք, էլ որտե՞ղ տեսնեինք իրենց։ Մեկ խաղը բավարար կարող էր չլինեն, առաջին խաղը միշտ էլ կարող է լավ չստացվի»,- ասաց նա։
Մարզիչը շեշտեց՝ ինքն այնքան էլ չի կենտրոնացել արդյունքի վրա, քանի որ դրական արդյունքի դեպքում միակ դրական բանը հոգեբանությունն է, որ ֆուտբոլիստն ինքնավստահ է դառնում։ «Եթե ես ընկնեի արդյունքի հետևից, լրիվ այլ կերպ կանեի։ Ես պետք է նայեի պարապմունքներին և խաղին»,- ասաց նա՝ նշելով, որ ստացավ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, և այն իրեն բավարար էր։ Այլ մանրամասներ նա չնշեց։
Ազգերի լիգայում կայանալիք խաղին անդրադառնալով՝ Մինասյանն ասաց, որ այնտեղ կոնկրետ արդյունքներ են լինելու, քանի որ խաղալու են միայն հաղթանակի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան