Բջջային հավելվածներ՝ 10-18 տարեկան դպրոցական աղջիկների կողմից
Երևանում այսօր ամփոփվեցին «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի և Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպած «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի արդյունքները: Դրան հաջորդեց հաղթող ճանաչված թիմերի պարգևատրման արարողությունը:
«Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագրի տարածաշրջանային դեսպան Նարինե Աբազյանը նշեց, որ աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթն անցկացվում է ամբողջ աշխարհում՝ 10-18 տարեկան աշակերտուհիների շրջանում: Ծրագրի առաքելությունը երիտասարդ կանանց ոգեշնչումն ու քաջալերումն է, որպեսզի նրանք դառնան առաջնորդներ և նորարարներ՝ տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության միջոցով լուծելով իրենց համայնքներում առկա խնդիրները:
Ծրագիրը Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիներին հնարավորություն է տվել բջջային հավելվածներ ստեղծել տարբեր թեմաներով: 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են որևէ թեմա, դիտարկել թեման իրենց համայնքի համատեքստում և, մենթորների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։
Նրա խոսքով՝ Հայաստանը երկրորդ տարին է մասնակցում մրցույթին: Այս տարի, ըստ Ն. Աբազյանի, մրցույթին ավելի մեծ թվով դպրոցականներ են մասնակցել: Նա հատկապես կարևորեց մարզերի դպրոցների մասնակցությունը:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 398 աշակերտուհի, 94 մենթոր, ձևավորվել է 90 թիմ, որից հայաստանյան եզրափակիչ փուլ են դուրս եկել 49 թիմ՝ 16-ը Երևանից, 33-ը՝ մարզերից: «Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, և 18-ին ժյուրիի են ներկայացրել իրենց կողմից ստեղծած բջջային հավելվածները, և առցանց գնահատման արդյունքում որոշվել են հաղթող թիմերը:
Այսպիսով, մրցույթի հաղթող ճանաչվեցին հանրապետության տարբեր դպրոցների չորս ավագ ու երեք կրտսեր թիմեր, որոնք նաև միջազգային փուլին մասնակցելու ուղեգիր ստացան: Մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան ինչպես հաղթող , այնպես էլ մասնակից թիմերը:
Նշենք, որ միջազգային առցանց գնահատման փուլը տեղի կունենա հունիսի 1–ից մինչև հունիսի 17-ը:
Հաղթող թիմերը ներկայացրել են մի շարք հավելվածներ, որոնք վերաբերում են համայքներում զբոսաշրջության զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերեն լեզվի ուսուցմանը: Դպրոցականները նաև ստեղծել են բջջային հավելված, որը աուտիզմով տառապող երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղորդակցվել մարդկանց հետ:
Կրթության ազգային ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Ռուզաննա Ստեփանյանը կարևորելով դպրոցներում նման մրցույթների անցկացումը՝ նշեց, որ նախորդ տարի, երբ առաջին անգամ էին կազմակերպում այս ծրագիրը, լուրջ կասկածներ ունեին, որ հաջողության կհասնեն: Սակայն, ըստ նրա, Արագածոտնի մարզի Կարբի համայնքի աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի հաղթանակը ցույց տվեց, որ դպրոցական աղջիկները կարող են լուրջ հաջողություններ ունենալ ոչ միայն հայրնենիքում, այլև երկրի սահմաններից դուրս:
«Ուրախալի է, որ Հայաստանում աղջիկները հետաքրքրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով և ավելին` երիտասարդ տարիքից արդեն իսկ նպատակադրվել են իրենց ապագան կապել հենց այս ոլորտի հետ: Այս նախագիծը նաև ազդեցություն ունեցավ աշակերտների մասնագիտական կողմնորոշման վրա»,- ասաց Ռուզաննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները բջջային հավելված էին ստեղծել՝ որի շնորհիվ կարելի է սովորել ժեստերի լեզու և ազատ շփվել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Հավելվածը կոչվում է «Հայերեն ժեստերի լեզու»։ Աշակերտուհիների հավելվածը ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող «Technovation» միջազգային մրցույթում եզրափակիչ փուլ անցավ և նրանք արժանացան «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։
Հարակից հրապարակումներ`
- Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել
- Հայ աշակերտուհիները ժեստերի լեզու սովորեցնող բջջային հավելված են ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները