Մայիսին ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում
2018թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկումով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նվազել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.1% և 0.2% հավելաճ:
2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.6%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 99.9%, ոչ պարենային ապրանքներինը`105.2%, ծառայությունների սակագներինը` 101.7%, իսկ հունվար-մայիսին 2017թ. հունվար- մայիսի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 102.8%, 104.7% և 101.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան, Վանաձոր և Արտաշատ քաղաքներում: