Հայկական լոլիկը վերադառնում է շուկա
Բանջարաբոստանային մշակաբույսերի հայկական սորտերը ոչ միայն չեն վերացել, այլև պահպանվում են և այսօր էլ մեծ պահանջարկ ունեն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը՝ հավելելով, որ հայկական բոլոր սորտերը՝ որոնք ստեղծվել են՝ սկսած 1949 թվականից, պահպանում են:
Գիտական կենտրոնը զբաղվում է բանջարաբոստանային բույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: Կենտրոնում կատարվող գիտական աշխատանքների նպատակն է նոր, հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարված, բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտերի և հիբրիդների ստացումը:
Գայանե Սարգսյանի խոսքով՝ կենտրոնն ունի տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ՝ մոտ 4000 սորտանմուշով: Դրանցից 138-ն արդեն շրջանացված սորտերն են, որոնք ունեն համապատասխան արտոնագիր և վաճառվում են տեղական շուկայում:
Լոլիկի հայկական սորտերը վերագտնում են իրենց կորցրած հեղինակությունը
Վերջին տարիներին հայ գյուղատնտեսները սկսել են ավելի շատ օգտագործել տեղական արտադրության սորտեր: Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը տարեցտարի արտադրում և շուկա է դուրս բերում ինչպես նոր , այնպես էլ հանրության շրջանում վաղուց հայտնի սորտեր։
Կենտրոնից այսօր էլ հնարավոր է ձեռք բերել հանրահայտ «Անահիտ» (կենտրոնի հիմնադիր Անահիտ Անանյանի անունով է կոչվում սեղանի լոլիկի սորտը), «Նվեր», «Լիա» լոլիկի սերմեր: Հայաստանում տարածված լոլիկի սորտերը հասնում են 36-ի, մինչդեռ հավաքածուում ավելի շատ տեսակներ կան:
Գայանե Սարգսյանը վստահեցնում է, որ նույնիսկ հին սորտերը՝ «Հոբելյանական», «Մասիսի 202», բոլորը պահպանվում են և պահանջարկի դեպքում, կզբաղվեն դրանց արտադրությամբ:
«Պահպանվել են բոլոր սորտերը, և անհրաժեշտության դեպքում դրանց սերմարտադրությունը կկազմակերպենք»,- ասաց տնօրենը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ամեն տարի կենտրոնում մեծ քանակությամբ՝ գրեթե 500 կգ սերմ է արտադրվում, որոնք վաճառում են գյուղացիներին, ֆերմերներին: Բացի այդ, ամեն տարի ավելացնում են տեղական սորտերի արտադրությունը:
«Տարեկան 15-20 տոկոսով էլ ավելանում է լոլիկի սերմերի արտադրությունը, կարծում եմ, որ աստիճանաբար կավելանա՝ հաշվի առնելով գյուղատնտեսների շրջանում հայկական լոլիկի պահանջարկը»,- նշեց նա:
Ինչու են ֆերմերները նախապատվությունը տալիս ներկրված սերմերին
Այդուհանդերձ, որևէ մեկը չի կարող հերքել, որ հայ ֆերմերները շարունակում են նախապատվությունը տալ ներկրված սերմերին, որոնք ավելի շատ բերք են տալիս ու տեղական տեսակների համեմատ` դիմացկուն են, երկար են պահպանվում, թեև համային հատկանիշներով բավականին զիջում են հայկական տեսակներին, որոնց պահպանման ժամկետն ավելի քիչ է՝ մեկ շաբաթ:
Բայց քիչ չեն նաև լոլիկի հայկական տեսակներ նախընտրողները. «Ունենք ֆերմեր, որն այս պահին 20 հա տարածքի վրա մեծ պահանջարկ ունեցող՝ «Արա», «Նոյ», «Գանձա» տեսակի հայկական լոլիկ է աճեցնում»:
Ինչպե՞ս տարբերել հայկական լոլիկը
Կենտրոնի ղեկավարը վստահեցրեց՝ հայկական լոլիկը պահպանել է համն ու հոտը, որակական հատկանիշները։ Պարզապես սպառողները, հիմնականում, չեն տարբերում տեղական բանջարեղենը ներմուծվածից:
Մասնագետի խոսքով՝ ներկրված լոլիկները հաճախ ունեն իդեալական տեսք, դրանք, կարծես թե, նկարած լինեն, իսկ ձեռք տալիս քարի պես ամուր են, կաշին էլ շատ հաստ: Բացի այդ, կտրատելիս այդ լոլիկները չեն կորցնում իրենց ձևը և հյութ չեն արտազատում։ Իսկ հայկական լոլիկները նուրբ են և սեղանի սորտին բնորոշ փափկություն ունեն:
Ինչ վերաբերում է լոլիկում սպիտակ շերտի առկայությանը, Գայանե Սարգսայնն ասաց, որ դա կարող է լինել նաև տեղական լոլիկում, միայն պայմանավորված չէ տեսակով, այլև կարող է լինել պարարտացման հետևանք։ Որակյալ բերք ստանալու գրավականը մշակման ճիշտ տեխնոլոգիաների կիրառումն է։
Գայանե Սարգսյանը հավաստիացրեց, որ հայկական սորտերը գենետիկորեն մոդիֆիկացված չեն՝ դրա հնարավորությունը Հայաստանում չկա: Թեև, ըստ նրա, վատ չէր լինի, եթե մեր երկիրը ևս հետազոտական նպատակով նման լաբորատորիա ունենար:
Հայկական սերմերը պահանջարկ ունեն նաև արտերկրում, սակայն արտահանում չի իրականացվում, քանի որ գիտական կենտրոնը դեռևս հնարավորություն չունի ապահովել սերմերի այն քանակը, որի պահանջարկը կա դրսում. հիմնականում կարողանում են բավարարել տեղական շուկայի պահանջարկը:
Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող սերմերին, Գայանե Սարգսյանը հայտնեց, որ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերը հիմնականում ներկրվում են Հոլանդիայից, ԱՄՆ-ից , Իտալիայից, Գերմանիայից: Թուրքիայից նույնպես ներմուծվում են, սակայն, ըստ նրա, ոչ օրինական ձևով:
«Թուրքական սորտեր մեզ մոտ շատ կան, օրինակ, լոլիկի սորտ կա, որը 3-4 տարի առաջ ներկրվել է՝ հետն էլ լոլիկի ցեցը, որն Արարատյան դաշտավայրից չեն կարողանում վերացնել: Իրականում այդ սերմերը փորձաքննություն չեն անցնում, պարզապես, մարդիկ իրենց հետ մի քանի փաթեթ բերում են և դրանք առանց փորձաքննության հայտնվում են դաշտերում, որի հետևանքով տուժում են թե իրենք, թե մեծ թվով ֆերմերներ»,- նշեց նա:
Հայաստանում նաև իրականացվում է նոր մշակաբույսերի արտադրություն, հնարապետությունում աճում է բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ: Գիտական կենտրոնի ղեկավարն ասաց, որ 7-8 տարի առաջ սկսել են զբաղվել ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ: Սելեկցիոն աշխատանքներն, ըստ նրա, պայմանավորված էին շուկայի պահանջարկով. «Եթե շուկայում տվյալ բանջարբոստանային կուլտուրան պահանջարկ ունի, մենք փորձում ենք այդ տեսակը ոչ թե դրսից ներմուծել, այլ ունենալ դրանց հայկական սելեկցիոն սորտը: Արդեն ունենք բրոկկոլիի, գունավոր պղպեղի տեղական սորտեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան