Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ
Մայիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ Դիվանագիտական ակադեմիայի և ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ մասնագիտական կրթությունը գիտելիքների հարուստ պաշար կտա և ամուր հիմք կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար, լինի դա դիվանագիտական, թե այլ ասպարեզներում:
Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով, որ ինքն էլ ուսանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, նշել է, որ միջազգայնագետների պատրաստման այս հեղինակավոր կրթօջախները հարյուրավոր հայ շրջանավարտներ են տվել, որոնցից շատերն իրենց կարևոր դերակատարումն են ունեցել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման գործում և ներկայումս էլ աչքի են ընկնում իրենց բարձր մասնագիտական որակներով ու հմտություններով ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատում, այնպես էլ՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ ուսանողներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին և ռազմավարական փոխգործակցությանը, իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին:
Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանը խոսել է Լավրովի լեգենդար որակների մասին
- Մնացականյան. Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի առաջներթություններից մեկն է մնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները