«Երջանիկի մասով վերապահում ունեմ». Զուրաբյանը՝ Փաշինյանին
Ազգային ժողովում նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ Կառավարության ծրագրի զինված ուժերի բաժնում ֆիքսված չէ միջոցառումների ցանկ, որը կվերաբերի Արցախի անվտանգության խնդրին, ինչը կար նախորդ Կառավարության ծրագրում։
«Մենք գիտենք, որ ՀՀ-ն Արցախի հանրապետության անվտանգության ապահովման միակ երաշխավորն է, կմանրամասնեք ինչու՞ ֆիքսված չէ այս հատվածում»,- հարցրեց պատգամավորը։
Փաշինյանը պատասխանեց, որ Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիրները դրված են մեկ ընդհանուր գլխի և մեկ պարբերության մեջ և դրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է.
«Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է և իր պարտավորությունը կկարտարի ամբողջական և լիարժեք և դրանում երկու կարծիք լինել չի կարող»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյան էլ մինչ հարցը հնչեցնելն ասաց, որ վարչապետից հստակ պատասխան է ակնկալում։
«Մենք ուզում ենք կառուցել պետություն, որ քաղաքակրթական ընտրությամբ լինելու է եվրոպակա՞ն, թե՞ ղազախական, բելառուսական, ռուսական տիպի երկիր։ Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է` հենարան է ընտրել «ԿԳԲ»-ն, այդպես եմ անվանում, քանի դեռ չեմ համարում, որ փոփոխված է այդ համակարգը, չե՞ք կարծում, որ այդ համակարգի փլուզմամբ պետք է զբաղվի նոր իշխանությունը, փոխարենը ձևավորի ազգային, ՀՀ-ին ծառայող մարմին»,- հարցրեց պատգամավորը։
Զուրաբյանը հավելեց, որ խուսում են այն մասին, թե «ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում», բայց ինքը երջանիկի մասով վերապահում ունի. «Երջանիկ ձեր պարտականություն է դառնալու դարձնել, բայց ազատը, կարելի է ասել, որ արդեն ձեռքբերում է»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, հրապարակում եղած օրերին «Էկոնոմիստ» հանդեսի լրագրողն իրեն հարցրել է, արդյոք անու՞մ են այն, ինչ եղավ Ուկրաինայում. «Ես ասացի ոչ, սա մի գործընթաց է, որ բացառապես ունի հայաստանյան ծագումնաբանություն։ Նաև ասացի, որ մենք արտաքին որևէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու այն չունի արտաքին քաղաքական որևէ ենթատեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը։ Չեմ հասկացել ու չեմ հասկանում այն մոտեցումը, որ դրսում անընդհատ ուղենիշներ են փնտրում»։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին՝ վարչապետն ասաց. «Այն ՀՀ ԱԱԾ է, ես չեմ ասում՝ այն կատարյալ է և բարեփոխումների կարիք չունի, ես ասում եմ, որ այն ՀՀ ԱԱԾ է, և ես դա կարող եմ երաշխավորել ու հետագա իմ գործունեության ընթացքում էլ կերաշխավորեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Կուտակային համակարգն անցել է անդառնալիության կետը. Փաշինյան
- Փաշինյանը չբացառեց՝ Մարտի մեկի գործով կարող է հարցաքննվել նաև Ռոբերտ Քոչարյանը
- Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները. վարչապետ
- Վարչապետը հանձնարարել է ԱԱԾ-ում ստեղծել ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին
- Նիկոլ Փաշինյան. Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում
- Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել. Փաշինյան
- Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի. Շարմազանով
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց