Վարչապետը հանձնարարել է ԱԱԾ-ում ստեղծել ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին
«Յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է իրեն պաշտպանված զգա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վարչապետի պաշտոնում անձամբ իրեն համարում է Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը։
«Արդեն իսկ հանձնարարել եմ ԱԱԾ-ին, որ այդ կառույցում ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին, և յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվի ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արագ արձագանքել խնդիրներ ունենալու մասին ներդրողի բոլոր ահազանգերին և լուծել դրանք»,- հայտնեց Փաշինյանը՝ կոչ անելով սփյուռքի հայրենակիցներին գալ և ներդրումներ անել Հայաստանում։
Իր ելույթում Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ վերահաստատելով այն դիրքորոշումը, որ այդտեղ ռևերսներ չպետք է լինեն։
«ՀՀ-ն շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, ՀՀ-ն շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ, ավելին՝ խնդիր է դրվելու ավելի մեծացնել ՀՀ-ի անդամակցության արդյունավետությունն այդ կառույցներում: Սոչիում իմ հանդիպման ժամանակ համոզվեցի, որ այս նույն խնդիրը հետապնդում են նաև ԵԱՏՄ բոլոր երկրները, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Մեզ համար չափազանց կարևոր է ՌԴ-ի հետ ցանկացած բնագավառում ռազմավարական, դաշնակցային հարաբերութունները զարգացնելը: ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության վրա: Մեր կառավարությունը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղադրիչ»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է լինելու Սահմանադրության 13-րդ հոդվածի վրա, ըստ որի, ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
«ՀՀ քաղաքականությունը բացառապես լինելու է հայամետ, այլ ոչ թե ռուսամետ, ամերիկամետ կամ եվրոպամետ»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում
- Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել. Փաշինյան
- Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի. Շարմազանով
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին