Երջանիկ լինելու համար պիտի մի քիչ խելքի պակաս լինի. Բոստանջյան
«Մենք հստակ խնդիր ենք ձևակերպել պետական եկամուտների կոմիտեի, կառավարության առաջ՝ էականորեն ավելացնելպետական եկամուտները»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե երբ են բարձրացվելու թոշակներն ու աշխատավարձերը:
Փաշինյանի խոսքով՝ դա արվելու է ստվերի կրճատման, օրինականության ապահովման եղանակով. «Հայաստանում գործարարներն ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Հույս ունենք, որ մյուս տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացում»։
Նույն խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ հարցրեց, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագները կնվազե՞ն:
«Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իսկապես խնդիր կա, և մենք զբաղվում ենք այս հարցով: Օրինակ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձր գնահատեցինք այս փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում էժան գնով: Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար կարևորը ոչ թե այն է, թե ինչ գնով է մատակարարում, այլ այն, թե ինքն իր տանը ինչ գնով է ստանում: ՀՀ քաղաքացին չի զգում, որ Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման, ընդհուպ՝ կոռուպցիոն ռիսկեր: Կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունն ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ այս հարցերով լրջորեն զբաղվելու ենք, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Էլեկտրաէներգիայի հետ կապված էլ խնդիրներ կան»,- ասաց վարչապետը:
Բոստանջյանն անդրադարձավ, որ կառավարության ծրագրի մի բաժնում նման ձևակերպում կա՝ «երջանիկ քաղաքացի»:
«Կուզենայի իմանալ, այդ երջանիկ բառի տակ ի՞նչ ծանրաբեռնվածություն եք դնում։ Իմ կյանքում հասկացել եմ, որ երջանիկ լինելու համար պիտի մի քիչ խելքի պակաս լինի: Ֆանտաստ գրողները, որ զոմբիացնում են ժողովրդին, ասում են՝ մենք ձեզ երջանիկ կդարձնենք, չէի ուզենա, որ այս ծրագրում այդ բառը լիներ»,- ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց դիտել կադրեր, թե ինչ էր տեղի ունենում ապրիլի 23-ին, մայիսի 2-ին, մայիսի 8-ին՝ տեսնելու համար երջանիկ մարդկանց. «Երջանկությունը միայն անձնական կյանքի երջանկությունը չէ, կա նաև քաղաքացիական երջանկություն, երբ մարդ հասկանում է, որ իր ձայնը լսելի է»:
Հարակից հրապարակումներ`
- Ժողովրդագրական խնդիրների լուծման համար Փաշինյանը իր և Մարուքյանի ընտանիքը օրինակ բերեց
- «Երջանիկի մասով վերապահում ունեմ». Զուրաբյանը՝ Փաշինյանին