Աշոտյանին և մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում է, որ նրանք հալածված են. Փաշինյան
«Ուզում էին չա՞ր և վատ ցանկությունների ծրագիր լիներ: Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ արտահերթ ընտրություններ մեկ տարվա ընթացքում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այն դիտարկումների, որ ՀՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է բարի ցանկությունների և կենացների ժողովածու:
Հարցին՝ նոր կառավարության ծրագիրը հստակ չի ասում, թե ի՞նչ ժամկետներում է մարդկանց սոցիալական վիճակը լավանալու, Փաշինյանը պատասխանեց. «Մինչև այս տրամաբանությունն այն է, որ մի քիչ էլ կվատանա և այդպես էլ կմնա, իսկ հիմա տրամաբանություն այն է, որ անընդհատ լավանալու է: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ծրագրում եղած թվերը երբեք իրականություն չեն դարձել: Մենք չենք պատրաստվում երկրում թվեր դզենք-փչենք, մենք պատրաստվում ենք լրջագույն բովանդակային փոփոխություններ անել»:
Խոսելով այն մասին, որ ՀՀԿ վերնախավը, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը կարծում է, որ որոշ գործարարներ ՀՀԿ-ն լքում են պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ ճնշումների պատճառով, վարչապետն ասաց. «Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առջև, դուք կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է տեղի ունենում, ռեպրեսիաներ տեղի են ունենում, թե ոչ: Աշոտյանին և մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում է, որ նրանք հալածված են: Իրենց հարցրեք՝ ինչու են դուրս գալիս»:
Փաշինյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ գործարաները լքում են ՀՀԿ-ն, որպեսզի իրենց քվեներով գործադիրին օգնեն և արդյունքում գործադիր մարմնից այլ ակնկալիքներ են ունենալու:
«Ես իմ ելույթում ասեցի, որ բոլորը հավասար են օրենքի առջև: Անկախ նրանից՝ նրանք ՀՀԿ խմբակցությունում են, թե՝ ոչ»,- ասաց նա:
Հաջորդ հարցին, եթե ՀՀԿ-ից դուրս եկածները կողմ քվեարկեն ծրագրին, ապա հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն որոշ մեղմացուցիչ հանգամանքներ կիրառի:
«ԱԱԾ-ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է և այդ գործողությունները մինչև վերջ շարունակվելու են»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ եթե այսօր կառավարության ծրագրին ԱԺ-ն հավանություն տա, ապա արտահերթ ընտրությունների միակ հավանական տարբերակը մնում է իր՝ Փաշինյանի հրաժարականը, այս պարագայում ե՞րբ պետք է սպասել իր հրաժարականին: Վարչապետը պատասխանեց «Մեկ տարվա ընթացքում»:
Խոսելով կառավարության աշխատանքի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա գործադիր մարմնի աշխատանքին, Փաշինյանը նշեց, որ կառավարությունն արդյունավետ կերպով լուծում է իր առջև դրված խնդիրները:
Վերջում գործադիրի ղեկավարը պատասխանեց Սյունիքի մարզպետի նշանակման մասին հարցին. «Ակնհայտ է, որ մենք առաջիկայում կունենանք Սյունիքի նոր մարզպետ»,- ասաց նա: