Ոչ մի մարզպետ չի կարող օրենքները շրջանցել և պատասխան չտալ. Սուրեն Պապիկյան
Կառավարության նիստից առաջ լրագրողները ՀՀ տարածքային և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչու են մարզպետների պաշտոններում մասնագիտությամբ բժիշկների նշանակում, նախարարը կատակեց. «Ինչո՞ւ վատ է, բժիշկները բուժում են, մարզերն էլ խնդիրներ ունեն»:
Նշենք, որ գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընգրկված է Արմավիրի և Սյունիքի մարզպետներ նշանակելու որոշման նախագծերը: Ըստ այդմ, Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը:
Գագիկ Միրիջանյանը ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենն է, նախկինում զբաղեցրել է ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
Դիտարկմանը, թե մարզպետների ընտրության հարցն ինչո՞ւ այդքան երկար տևեց, նախարարը նշեց, որ նորմալ գործընթաց է, քաղաքական ուժերի միջև քննարկումներ էին ընթանում:
Անդրադառնալով Վայոց ձորի մարզի բնակիչների դժգոհությունների՝ կապված իրենց մարզպետի նշանակման հետ, Սուրեն Պապիկյանն ասաց, որ հանդիպել է Շատին համայնքի բնակիչների հետ, վաղը կներկայացնի Վայոց ձորի և Սյունիք մարզպետներին և եթե կարիք ապա, ապա մարզի այլ բնակիչների հետ ևս կհանդիպի:
Հարցին, թե մարզի բնակիչների մեծ մասը դեմ են նոր մարզպետին, արդյոք հաշվի կառնեն այդ փաստը, նախարարը պատասխանեց. «Այս դեպքում մենք ունենք քաղաքական համաձայնության արդյունքում՝ ԲՀԿ քվոտայով ներկայացված մարզպետ: Եթե հարցեր ունեք, դիմեք ԲՀԿ-ին: Ես իմ վերահսկողական ֆունկցիաների շրջանակներում վստահեցնում եմ, որ ոչ մի մարզպետ չի կարող օրենքները շրջանցել և պատասխան չտալ օրենքի առաջ: Այսինքն, ինչ ասվել է մեր կառավարության կողմից, այդպես էլ լինելու է և ոչ մի պաշտոնյա՝ անկախ իր անցյալից, իր նախկին քաղաքական գործունեությունից, չի կարող շրջանցել օրենքը»: