Հայրերը երեխայի զարգացման համար լավագույն, բայց ամենաքիչը օգտագործվող ռեսուրսն են. ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ այս ամիս աշխարհի գրեթե 90 երկրներում նշվող հայրիկների տոնի կապակցությամբ և «Սուպեր հայրիկներ» նախաձեռնության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանրությանն է ներկայացնում նոր ծնողավարման վեբկայք՝ արժանին մատուցելով վաղ մանկական զարգացման շրջանում հայրերի դերակատարությանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջ աշխարհին կոչ է անում աջակցել հայրերին և ժամանակ ու միջոցներ տրամադրել ծնողներին իրենց երեխաների հետ բովանդակալից ժամանցի համար:
«Հայրիկները երեխայի զարգացմանն անհրաժեշտ լավագույն «ռեսուրսներից են». նրանք պարզապես երկրորդ ծնողը չեն կամ հավելյալ ձեռքեր: Եվ եթե մենք ցանկանում ենք երեխաների համար ապահովել կյանքում լավագույն սկիզբ, մենք պետք է ամբողջությամբ արժևորենք և օգտագործենք նրանց կարողությունները», - ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ՝ նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վաղ մանական ուսումնառության գծով ղեկավար Պիա Բրիտտոն (Dr. Pia Britto).
Վեբկայքը «Կատարեք ծնողավարման մասին գրառում» (Submit a Parenting Tip) բաժնի միջոցով համախմբում է աշխարհի հայրիկներին՝ ներկայացնելու իրենց ծնողավարման գաղտնիքները, կրած դժվարությունները, կարիքները և հաջողությունները: Կայքում կներառվեն նաև ծնողավարման փոքրածավալ «մաստեր կլասսեր», որոնցից առաջինը ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական ուսումնառության գծով ղեկավար Պիա Բրիտտոն: Նյութում նա բացատրում է «Սեսամի Սթրիթ» հայտնի մուլտֆիլմի հերոս Գրուվերին (Sesame Street’s Grover), որ ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ է պաշտպանություն, խթան (ստիմուլյացիա) և առողջ սնուցում:
«Սուպեր հայրիկներ» հանրային արշավը կոչված է հիշեցնելու, որ երբ հայրիկները, ամենավաղ տարիքից սկսած, զբաղվում են իրենց երեխաներով՝ սիրում են, պաշտպանում են, խաղում են նրանց հետ, կերակրում են, ապա այդ երեխաները հետագայում ավելի լավ են սովորում, վարքային քիչ խնդիրներ են ունենում և ավելի առողջ ու երջանիկ են մեծանում:
Հայրիկների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին կոչ է անում՝ վերացնել բոլոր մշակութային և ֆինանսական արգելքները, որոնք խանգարում են հայրիկներին իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել:
Երեխայի զարգացման համար նրա կյանքի առաջին 1000 օրվանից ավելի կարևոր ժամանակահատված չկա, ու գնալով ավելի են շատանում երեխայի կյանքում հայրիկների մասնակցության կարևորությունը ապացուցող փաստարկները: Այնուամենայնիվ, համապատասխան ներդրումներ չեն արվում, որոնք կօգնեն հայրիկներին ծնողի իրենց դերում լավագույնը լինելու հարցում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016թ. հոկտեմբերին հրապարակված «Խթանելով երեխայի վաղ մանկական զարգացումը՝ գիտությունից պրակտիկա» Լանսետ ամսագրի շարքում ներկայացված է, որ աշխարհում մոտ 250մլն մինչև 5 տարեկան երեխա թերզարգացման վտանգի առջև է կանգնած՝ թերսնման և ծայրահեղ աղքատության պատճառով: Գնահատվել է նաև, որ երեխայի զարգացմանը նպաստող խնամքը կարող է 50 տոկոսով քիչ արժենալ, քան մեկ անձի ներկայիս առողջապահական տարեկան ծախսերն են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան