Խաչատրյանի մրցույթի առաջին փուլի հաղթողները կորոշվեն այսօր
Խաչատրյանի 14-րդ մրցույթի առաջին փուլը շարունակվում է։ Երիտասարդ թավջութակահարները Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ գյումրեցի Միքայել Պետրոսյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում։ Մրցութային կատարմամբ ելույթ է ունենալու այսօր՝ մասնակիցներից ամենավերջինը։
Նշել է, որ Խաչատրյանի մրցույթին մասնակցելն իր համար մեծ փորձ է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երաժշտի, թավջութակահարի համար հաճելի է մասնակցել նման մեծ, հեղինակավոր մրցույթի»։
Ասել է, որ ծանոթ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ, նրանց կատարողական արվեստին և նկատում է, որ բարդ փուլ է սպասվում իրենց։ Միքայել Պետրոսյանը 2015 թվականին Գյումրու «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի Գրան պրիի մրցանակակիր է։
Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Չի-Ուոն Հոնգը նշել է, որ Խաչատրյանի մրցույթը չափազանց կարևոր է իր համար, քանի որ այն բավականին հայտնի է ամբողջ աշխարհում և շատ կարևոր փորձ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար։
Մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը ընդգծել է, որ մրցութային ծրագրում պարտադիր կատարման համար ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան, ինչպես նաև ընտրությամբ հայ մեծ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։
Այսօր երեկոյան հայտնի կլինեն մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները։
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանի մրցույթի մասնակիցները կդառնան հայկական մշակույթը տարածող դեսպաններ
- Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը
- Հետևում եմ, թե ինչպես է զարգանում Խաչատրյանի միջազգային մրցույթը. Նարեկ Հախնազարյան