Վերջնական որոշման դեպքում անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի հուլիսի 1-ից
«Եթե վերջնական որոշում կայացվի, անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կնվազեցվի հենց հուլիսի 1-ից»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետին զեկուցել է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունները:
«Զեկուցեցի, որ այսօրվա իրավիճակում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու համար կան մի շարք ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել, գնահատել մեր հնարավորությունները, որից հետո քննարկենք սակագնի փոփոխությունը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկումների ընթացքում պարզվել է՝ այսօր անապահով ընտանիքների համար, որոնց թիվը 110-120 հազար է, 10 դրամով կարող են նվազեցնել սակագինը:
Ըստ նախարարի՝ այսօրվա սակագնով անապահով ընտանիքները ցերեկային ժամերին մեկ կվտ-ի համար վճարում են 40 դրամ, գիշերային ժամերի համար՝ 30 դրամ: Նվազեցնելու դեպքում ցերեկային սակագինը կդառնա 30 դրամ, գիշերայինը՝ 20 դրամ:
Հարցին, թե ի՞նչ մեխանիզմով են նվազեցնելու սակագինը, նախարարն ասաց, որ ունեն երկու տարբերակ. «Առաջին տարբերակով, բանակցությունների արդյունքում ՀԷՑ-ը պարտավորվել է իր շահույթի հաշվին, առանց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկման, նվազեցնեն այդ գումարները: Խոսքը շուրջ 2 մլրդ դրամի մասին է մեկ տարվա ընթացքում»:
Դիտարկմանը՝ եթե ՀԷՑ-ը նման հնարավորություն ուներ, ինչո՞ւ ավելի շուտ չէր գնում այդ քայլին, նախարարը դժվարացավ պատասխանել:
Արթուր Գրիգորյանն անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ ուսումնասիրել ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, նշեց, որ եթե էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրությունների արդյունքում կոռուպցիոն երևույթներ բացահայտվեն, հնարավոր կլինի ընդհանրապես նվազեցնել սակագինը. «Չեմ բացառում, բայց պետք է հասկանանք, նոր»:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավորություն կա անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնել 10 դրամով. նախարար
- Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ քննարկումներ են ընթանում. Արթուր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին