Քաղաքապետարանի «ուրախ ամառը»՝ հիվանդների նյարդերի հաշվին
Մի քանի հիվանդանոցներով շրջապատված Մաշտոցի պուրակում, որը կոչվել է Միսաք Մանուշյանի անունով, արդեն մի քանի ժամ է բարձր երաժշտություն է, բարձրախոսներով երեխաները արտասանում են, հանդիսատեսը ծափահարում:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան հիվանդանոց) հիվանդներից մեկն արդեն մի քանի անգամ զանգահարել է խմբագրություն՝ դժգոհելով աղմուկից:
Դեղերով, կաթիլայինով ցավազրկված հիվանդը դժգոհում է՝ մի քանի անգամ փորձել է քնել, սակայն ապարդյուն: Քաղաքացու դժգոհությունը խմբագրությունն ահազանգի տեսքով փոխանցել է ոստիկանությանը: Իրավապահ այս մարմնի Կենտրոնի բաժնից հայտնեցին, որ մեկնում են ահազանգի հետքերով:
Քաղաքապետարանի տուրզիմի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ միջոցառումն անցկացվում է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Ըստ միջացառումների բուկլետի, «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնի շրջանակում շքերթ-դիմակահանդես է հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Ըստ բուկլետի, ժամը 16:00-ին մեկնարկած միջոցառումները շարունակվելու են մինչև ժամը 21:00-ն:
Լավ կլիներ, առաջիկա երեք ամիսներին միջոցառումները կազմակերպելիս քաղաքապետարանը հաշվի առներ, թե այգիների շրջակայքում ինչպիսի հաստատություններ կան ու բնակիչների համար ուրախ ամառը չվերածեր տանջալի ու նյարդային օրերի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանը նշեց, որ տվյալ վայրում միջոցառման թույլտվությունը տրամադրել է քաղաքապետարանը, ցերեկային ժամերին բարձր երաժշտության համար վարչական պատասխանատվություն չի սահմանվում:
Ոստիկանության ներկայացուցիչը խոստացավ՝ ահազանգի վերաբերյալ գրություն ուղարկի քաղաքապետարան միջոցառումների վայր ընտրելիս նման խնդիրները հաշվի առնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան