Նախարար. ԳՆ առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն աճի մեծ ներուժ ունի և կարող է նպաստել տնտեսության առավել ներառական և կայուն զարգացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում համագործակցության երկար պատմություն ունեն և ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր սերտ համագործակցությունը կշարունակվի»,-ասել է նա:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը: Նա հույս է հայտնել, որ համագործակությունը կլինի շարունակական:
Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները և պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը:
Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը: