Անհասկանալի է տեսնել՝ ինչպես է վերադառնում ֆաշիզմը. Բեռնարդ Քուշներ
Աշխարհն անտարբեր է դարձել մարդկային կորուստների ու ուրիշների ցավերի հանդեպ: Հունիսի 9-ին Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները նշեց, որ մարդիկ այլևս չեն զարմանում, հանգիստ ասում են՝ այսքան մարդ մահացավ, մինչդեռ ճգնաժամերը վերաբերում են իրական մարդկանց, ու ոչ ոք խղճահարություն չի զգում բացարձակապես: Հարցին՝ արդյո՞ք հասարակությունն այժմ առավել շատ վստահում է բիզնես գործիչներին, նա արձագանքեց, որ վիճակն ավելի վատ է:
Նա հռետորական հարց ուղղեց՝ իսկ ի՞նչ են անում քաղաքական գործիչները, ապա նշեց՝ որոշ ժողովրդավար երկրներում նրանք ընտրվում են, ու եթե նրանք ծրագրում առաջարկեն՝ այո, մենք կօգնենք փախստականներին, ապա պարզապես չեն ընտրվի: «ԵՄ-ն ճշգրիտ այն մոդելն է, որ պետք է առաջնորդվի մարդկայնությամբ, փախստակաների հարցը պետք է առաջատար լինի, բայց հակառակը՝ ԵՄ-ն գնալով արգելում է փախստականների մուտքը, ինչու՞: Եվրոպան նորմալ մայրցամաք է՝ ժողովրդավարության որոշակի մակարդակով, մենք ժամանակին առաջարկել ենք կիսել բեռը, բայց նրանք մերժեցին: Ֆրաու Մերկելը փրկեց Եվրոպայի պատիվը, և ես նրան ծափահարում եմ, որովհետև հենց հիմա Բունդեսթագում ավելի քան 100 ֆաշիստ կա արդեն, նաև վախն է շատ»,- նշեց նա:
Քուշներն ընդգծեց՝ փախստականները հանցագործ չեն, հակառակը, բայց սա մասամբ ԶԼՄ-ների պատասխանատվությունն է, իսկ մեծ մասամբ՝ քաղաքական գործիչներինը: Բանախոսն ընդգծեց՝ հիմա բոլորը ծայրահեղ աջակողմյանների ու ազգայնականների զոհ են դարձել, ովքեր չեն ուզում իշխանությունը կորցնել: Հարցին՝ այն, որ փախստականների 51 տոկոսը երեխաներ են, կարո՞ղ է ինչ-որ կերպ օգնել խնդրի լուծմանը, քանի որ մարդիկ երեխաներին կարեկցում են, նա պատասխանեց, որ երկու երկիր իր սահմանները պարզապես փակում է, ուստի անհնար է քաղաքականությունը հենց այնպես փոխել:
«Կարեկցանքը կա, բայց անհասկանալի է տեսնել ինչպես է վերադառնում ֆաշիզմը, ոչ թե ձեր նկարագրած աշխարհի, այլ իրական ֆաշիզմը: Նայեք ծայրահեղ աջակողմյաններին. նրանք չեն ուզում գեթ մի փախստականի ընդունել, նրանց սպառնալիք են համարում, որովհետև մահմեդական են և այլն, էլ ի՞նչ անենք: Ժողովրդագրությունը վերցնենք, տարբեր մոտեցումները գլոբալիզացիայի հանդեպ, աշխարհում մարդկանց քանակը, տարբերությունները հարուստների և աղքատների միջև, նաև պարոն Թրամփի գործելակերպը, սա անհասկանալի խրթինություն է մտցնում»,- ասաց նա:
Խոսելով լուծումներից ու անելիքներից, դա ձևակերպելով երկու խոսքով՝ նա նշեց, որ ոչինչ չեն կարող անել, հակառակը՝ վստահ է, ավելի վատ է լինելու, քանի որ պարզ չէ՝ ինչպես կարելի է վերահաստատել եղբայրությունն ու համերաշխությունը, որոնք հիմա սին բառեր են դարձել: «Եվրոպայի մասին ենք խոսում, ոչ թե աշխարհի: Հնարավոր չէր մարդու իրավունքների պաշտպան Ֆրանսիայում ընդունել Սիրիայի ջարդը. ոչ մի արձագանք չեղավ: Չեմ կարող ասել, որ ինչ-որ ֆանտաստիկ օգնություն ցուցաբերեցինք, պետք է ամբողջ պատկերը հիմնովին փոխել»,- ասաց Քուշները:
Հարակից հրապարակումներ`
- Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր
- Երևանում մեկնարկեց Aurora Dialogues համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան