Նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն. Արցախի գյուղնախարար
Արցախում արդեն 5500 հա-ի վրա կատարվել են բերքահավաքի աշխատանքներ, որի միջին բերքատվությունը կազմել է 20ց.: Այս մասին այսօր Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։
Նա նշել է, որ անձրևային եղանակների հետ կապված՝ այն վերջին օրերին որոշ չափով դանդաղել է:
Գյուղնախարարի խոսքով՝ հացահատիկահավաք կոմբայնների մասով, ընդհանուր առմամբ, խնդիրներ չկան, իսկ բերքի մթերումն իրականացվում է հիմնականում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի պահեստներում: Անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված կարկտահարության դեպքերին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն:
Պետնախարար Մարտիրոսյանը գյուղատնտեսական իրավիճակով հետաքրքրվել է նաև շրջվարչակազմների ղեկավարներից՝ ովքեր առանձին-առանձին հանդես են եկել տեղերում կատարվող աշխատանքների մասին զեկույցներով:
Բավարար գնահատելով իրականացվող աշխատանքները՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ կարկտահարությունից տուժած ցանքատարածքների համար հողօգտագործողներին կտրվի պետական աջակցություն: Այդ շրջանակում նրանք կազատվեն նաև հողի վարձավճարից և հարկերից:
Այնուհետև քննարկվել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցորենի մթերման այս տարվա գնային քաղաքականությունը:
Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է քաղաքաշինության ոլորտին: Առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի ներկայացմամբ՝ պլանավորված 4 մլրդ 936 մլն դրամի ծրագիրը գերակատարվել է, և արդեն իրականացվել է 5 մլրդ 500 մլն դրամի աշխատանք, որի գերակշիռ մասը ֆինանսավորվել է:
Պետնախարարը կարևորել է իրականացված աշխատանքի ծավալն՝ ընդգծելով, որ կառավարությունը ժամանակին կատարելու է իր ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված կարկտահարության և սելավների հանգամանքը՝ որոշում է կայացվել 25-30 տոկոսով ավելացնել շրջվարչակազմերի ենթակայության տակ գտնվող շինարարական կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները, որպեսզի օպերատիվ կերպով լուծվեն տեղերում առաջացած խնդիրները:
Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է խորհրդակցությանը ներկա ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին քննարկված բոլոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: