
Բաբլոյանը հույս է հայտնել, որ Լեհաստանի Սենատը ևս չի ուշացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Լեհաստանի Սեյմի կողմից Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, հույս է հայտնել, որ Լեհաստանի Սենատը ևս չի ուշացնի փաստաթղթի վավերացումը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը նշել է, որ հայերն իրենց նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ արժանացել են Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին և ուրույն ներդրում ունեն հայ-լեհական կապերում:
Լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավարը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության առավել խորացումն ու ընդլայնումը: Ըստ նրա՝ դեռևս առկա է չօգտագործված զգալի ներուժ, հատկապես տնտեսական բնագավառում: Թադեուժ Վոժնիակն ընդգծել է լեհերի համակրանքն ու ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Պատգամավորական խմբի ղեկավարը նշել է, որ տպավորված են Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով. «Կատարվածը ցավալի է և ողբերգական: Հուսով եմ, որ պետությունների ղեկավարներն ամեն ինչ կանեն հետագայում նման ոճրագործությունները կանխարգելելու համար»,- ասել է լեհ խորհրդարանականը:
Թադեուժ Վոժնիակը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարներին և հնարավորություններին, Հայաստանին աջակցելու և իր երկրի փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Լիտվայի Սեյմասը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Էստոնիան շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը. Ս. Միկսեր
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին