«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հավատարմագրային կառավարումը դադարեցված է. նախարար
«Արդեն որոշումը կայացրել ենք, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության հավատարմագրային կառավարումը դադարեցված է և այս պահին այն գտնվում է պետական կառավարման մեջ»,- այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը «Տաշիր»-ի հետ կնքվել էր 2017 թվականին:
Նախարարի խոսքով՝ մշակում են ԲԷՑ-ի օպտիմալ, արդյունավետ կառավարման ծրագիր, կիրականացվեն լուրջ բարեփոխումներ, որի արդյունքում կունենան բարձրավոլտ էլեկտրական ցանցեր:
Հարցին՝ հեշտ կլինի նոր ներդրողների ներգրավել, Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ բավականին շատ միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են և պատրաստ են ներդրումներ անել ԲԷՑ-ում:
Նա միաժամանակ նշեց, որ ընկերությունը բնականոն հունով աշխատում է, և դրան զուգահեռ մշակում են բարեփոխման ծրագրեր:
Նշենք, որ կառավարության հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բարձրավոլտ Էլեկտրական ցանցերին՝ նշել էր. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնո՞ւմ, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման»: Նա նաև ասել էր, որ այսօր կարող են հստակ հայտարարել՝ պետք է բացառեն, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անձնավորություն, բացառեն որևէ օֆշորային ընկերություն:
Հարակից հրապարակումներ`
- Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է պատկանեն նույն սեփականատիրոջը. վարչապետ
- Պետությունը «Տաշիր Կապիտալի» վրա դրած պարտականությունները ի զորու է կատարել սեփական ուժերով». Արթուր Գրիգորյանի պարզաբանումը
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն. Էներգետիկայի նախարար
- Բարձրավոլտ էլեկտրացանցերը հավատարմագրային կառավարման տրվեց «Տաշիր Կապիտալ»-ին