Ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն նոյեմբերին. Արթուր Գրիգորյան
Ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցություններն, ըստ երևույթին, սկսկվեն նոյեմբերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:
Նա նաև նշեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում գազի գնի շուրջ բանակցություններ այս պահին չեն նախատեսվում:
Հարցին՝ զուգահեռ բանակցություններ տարվում են Իրանի հետ, նախարարը բացասական պատասխան տվեց:
Դիտարկմանը՝ եթե տարեվերջին սկսեն բանակցել և արդյունքում որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվի, տեխնիկապես հնարավո՞ր է 2019 թ-ի հունվարից ռուսական գազը փոխարինել իրանականով, Արթուր Գրիգորյանը նշեց, որ պատրաստվում է շուտով հանդիպել իրանական կողմի հետ:
«Մենք գազ-էլեկտրաէներգիա փոխանակման հարցով աշխատնքներ ենք տանում: Պայմանավորվածության համաձայն, այս ամսվա վերջին իրանական կողմի հետ կունենանք քննարկում և նախնական պատկերացումներ՝ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալները մեծացնելու մասին»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ կառավարությունը երբեք չի դադարելու և գազի, և էլեկտրաէներգիայի սակագնի էժանացման հետ կապված քննարկումները:
Արթուր Գրիգորյանը միաժամանակ հայտնեց, որ Իրանից Հայաստան գազի ներմուծման վերաբերյալ նախաձեռնություն առայժմ չունեն, բայց հուսով է, որ շուտով կունենան: