Ունեցել ենք արտոնյալների բանակ, որոնք հարկ չեն վճարել. Տնտեսագետ
2018 թվականին ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքում նոր փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում: Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստում։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրական գնահատեց այդ փոփոխությունները՝ հավելելով, որ դրանք դրական ազդեցություն կունենան ինչպես բյուջեի եկամուտների, այնպես էլ տնտեսության զարգացման վրա:
Նրա խոսքով՝ դրանք այն փոփոխություններն են, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնել են:
«Ընդհանրապես ուժ մեջ մտած նոր Հարկային օրենսգիրքն իր բովանդակությամբ և բնույթով խնդրահարույց է: Ըստ էության, այն միտված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը, բյուջետային ելքերի ավելացմանը, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ առումով խնդրահարույց է և ազդեցությունների տեսանկյունից բալանսավորված չէ»,- նշեց Ատոմ Մարգարյանը:
Ըստ տնտեսագետի՝ այս փոփոխությունների մեծ մասը միտված են լինելու հարկային մուտքերի ավելացմանն ու ստվերի կրճատմանը. «Կարծում եմ՝ և համաներման, և չգրանցված աշխատողների համար տուգանքների կիրառման, և մի շարք դրույթների փոփոխութունների մասով շատ ավելի խելամիտ որոշումներ են կայացրել»։
Անդրադառնալով չգրանցված աշխատողների համար սահմանված տուգանքին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ գործարարները պետք է ճիշտ գնահատեն ռիսկերը, քանի որ ակնհայտ է՝ իշխանությունը չի հանդուրժում ստվերային տնտեսավարումը: Մյուս կողմից, ըստ նրա, ստվերի բացահայտումը հնարավորություն կտա իջեցնել հարկային ընդհանուր բեռը:
«Այսօր մարդիկ ստվերում են, քանի որ ունեցել ենք արտոնյալների բանակ, որոնք հարկ չեն վճարել, և ՓՄՁ-ները չեն օգտվել այդ արտոնություններից և հարկադրված աշխատել են ստվերային դաշտում: Այսօր գործադիրը խոշորներին ասում է ՝ արտոնություններ չեն լինելու, հարկերը վճարեք, մյուս կողմից՝ ՓՄՁ-ներին տրվում են ուղերձներ, որ դուրս գան ստվերից, քանի որ բոլորը օրենքի առաջ հավասար են լինելու»,- ընդգծեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանը կարծում է, որ այս փոփոխություններից հնարավորինս մեծ թվով մարդիկ կշահեն: Օրինակ, շինարարությունում, ավտոտեխսպասարկման կետերում կան բազմաթիվ աշխատող մարդիկ, որոնք գրանցված չեն և հիմա նրանց ստվերից դուրս կբերեն. «Կարծում եմ՝ թվերը տպավորիչ կլինեն: Հայաստանում գործազրկությունը կազմում է 17-18 տոկոս, բայց պետք է նկատել, որ կա թաքնված զբաղվածություն, և գործազուրկների 20-25 տոկոսն իրականում զբաղված է»:
Նրա խոսքով՝ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը ևս խոսում է այն մասին, որ ստվերային աշխատատեղերի բացահայտումը առաջին հերթին բխում է հենց ստվերում աշխատող մարդկանց շահերից. «Եթե մարդիկ ուզում են ապահով ծերություն ունենալ, ապա պետք է գրանցված աշխատող լինեն, հակառակ դեպքում, նրանք այդ տարիքում էլ խնդիրներ կունենան»:
Ատոմ Մարգարյանը միաժամանակ նշեց, որ միայն տուգանքներ ավելացնելով հարցը չի լուծվելու: Ըստ նրա՝ հարկային մեղմ դրույքներ պետք է կիրառել, որ մարդիկ շահագրգռված լինեն ցույց տալ իրենց եկամուտները:
«Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում այս փոփոխությունները: Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու, իշխանությունը բիզնեսից տարանջատելու համատեքստում տեսնում ենք, որ նաև բիզնեսն է ազատագրվում: Կային մարդիկ, որոնք ցանկանում էին իրենց բիզնեսը զարգացնել, ընդլայնել ինչ-որ դաբրոներով կամ լինել ածանցյալ որևէ պետական պաշտոնյայից, այսօր այլ իրավիճակ է, մրցակցային հնարավորությունները մեծացել են և գործարարները կարող են միայն իրենց տնտեսական, շուկայական ռիսկերը գնահատելով՝ ձեռնարկատիրական նախագծեր իրականացնել»,- ասաց Ատոմ Մարգարյանը: