Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի մարզպետին
Հունիսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել նորանշանակ մարզպետին` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված գործակցային սերտ կապերը համատեղ նոր իրագործումներով էլ ավելի կարդյունավորվեն:
Այս առթիվ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է նաև մարզի տարածքում Մայր Աթոռի և Արմավիրի թեմի կողմից ծավալված գործունեությունը սոցիալական, կրթական և այլ ոլորտներում` մասնավորապես կարևոր նկատելով մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված ծրագրերը:
Այնուհետև իր տեսլականի մասին խոսել է Արմավիրի մարզպետը` Նորին Սրբությանը ներկայացնելով առաջնահերթ ծրագրերը: Պրն. Գագիկ Միրիջանյանը կարևորել է տարբեր բնագավառներում գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:
Վերջում, վերստին իր գնահատանքը բերելով մարզպետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է ձեռքբերումներ և հաջողություններ ի նպաստ Արմավիրի մարզի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան