Վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին. ԿԳ նախարար
«Այս տարին բուհերի համար ճգնաժամային է, պետք է փորձենք իրավիճակից ելքեր գտնել, որը հեշտ չի լինելու»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով ներկա էր գտնվել Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:
Նախարարի խոսքով՝ վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին, որովհետև քիչ թվով ուսանողների ընդունելությունն ազդելու է ձևավորված կուրսերի, խմբերի, դասախոսների դրույքների վրա։
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված քննական շտեմարաններին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կան դժգոհություններ։
«Գիտելիքի ստուգման այս ձևը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց միևնույն ժամանակ շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, դրանք չեն զարգացնում դիմորդի քննադատական և վերլուծական մտածողությունը»,- նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցի կրթության որակին` նախարարը նշել է. «Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի. իր հիմնական գործառույթն ավագ դպրոցը չի կատարում: Եթե ավագ դպրոցը բավարար որակ ապահովի, աշակերտը բուհ ընդունվելու համար կրկնուսույցի անհրաժեշտություն չի ունենա: Ավագ դպրոցի բովանդակային զարգացման խոչընդոտող տարբեր գործոններ կան. մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի թերի զարգացումը ևս բացասական է ազդում ավագ դպրոցի կայացմանը, մեթոդների և ծրագրերի թերի լինելը, հոսքերի ոչ հստակ տարանջատումը և այլն: Ամեն դեպքում այսօր ունենք մի վիճակ, երբ ծնողները դժգոհում են, որ 12-րդ դասարանում աշակերտները դպրոցում անելիք չունեն»:
Լրագրողի հարցին ի պատասխան` Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկվում է «Արարատյան բակալավրիատ» գերազանցության ծրագրի հետագա գործունեության հարցը:
Անդրադառնալով «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի լուծարման վերաբերյալ դիմումին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունն ու կառավարությունը գործելու են բացառապես օրենքի շրջանակում։
«Մենք պատասխանատու ենք միայն այն տեղերի համար, որոնք օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմում տրված են նախարարությանն ու կառավարությանը»,- նշել է նա և հավելել, որ շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված միասնական լուծումներ կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները