Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն. Աշոտյան
«Առաջնահերթ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը և այս տեսակետից նոր իշխանությունների առջև դրված խնդիրները պետք է մասամբ կիսվեն նաև ընդդիմության տեսակետներով»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նա շեշտեց, որ արցախյան հարցում զգոնության պահպանումը և սթափ գործելու պահը երբեք չի անցնում. «Այս տեսակետից կարծում եմ ակնհայտ է, որ Մինսկի խմբի վաղը տեղի ունենալիք այցը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ բանաձևելու Հայաստանի և Արցախի ժողովրդի քաղաքական կամքն ու մոտեցումները։ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ գիտակցեն իրենց այցի ընթացքում, որ ոչ մի ներքաղաքական տեղաշարժ Հայաստանում, ոչ մի արցախյան քաղաքական գործընթաց չի կարող խաթարել հայ ժողովրդի միասնական կամքը՝ տեսնելու Արցախն անկախ և ազատ։
Կարծում եմ, որ Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին էլ ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն և ակնկալում եմ, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները այս հարցով նույնպես կզբաղվեն»։
Աշոտյանը նոր իշխանություններին առաջարկեց հետևողական լինել Սանկտ-Պետերբուգի, Վիեննայի և Ժնևի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածելուն։
«Ցավոք սրտի առայսօր այս տրամաբանությունը ես չեմ տեսել արտաքին քաղաքականության դրսևորումների մեջ արցախյան հարցում։ Անկախ նրանից, թե նոր իշխանությունը կարգավորման ինչ սցենար կառաջարկի, այնուհանդերձ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները թերագնահատել պետք չէ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ նախկին իշխանությունների կողմից վարված քաղաքականության արդյունքում Արցախի հարցում որևէ պատահական բառ, արտահայտություն կամ միտք չկա։
«Այս ամբողջը ստեղծվել է բանակցային գործընթացի ընթացքում հմուտ, խորիմաստ մոտեցումների արդյունքում։ Փառք ու պատիվ նոր իշխանություններին, եթե կարողանան անել ավելին, եթե չէ, ապա առաջարկում եմ առաջնորդվել նախկինում արած մշակումներով։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության դաշինքը պետք է ամրապնդվի, այս տեսակետից մեծ ակնկալիքներ ունեմ վարչապետի այցից Մոսկվա՝ հունիսի 14-ին և ՌԴ նախագահի հետ հանդիպումից։ Միաժամանակ կարծում եմ, որ Հայաստանի անվտանգության հարցերը չպետք է կախված լինեն առանձին պաշտոնյաների տեսակետներից, որքան էլ նրանք պոպուլյար և սիրված լինեն։ Ակնհայտ է, որ դեռևս փետրվարին Սերժ Սարգսյանի կողմից բարձրաձայնված խնդիրը՝ վերանայել ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, այսօր ավելի քան ակտուալ է»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
- Նախիջևանը հայ ազգի պարանոցն է, պետք է լուրջ վերաբերվել. քննարկում
- ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին
- ՊՆ խոսնակը՝ Նախիջևանում կատարվող աշխատանքների մասին