Քվեարկել կամ չքվերակելը Ձեր ընտրության խնդիրն է. ՍԴ անդամի թեկնածուն՝ պատգամավորին
«Որն է եղել ձեր դիրքորոշումը Մարտի 1-ի, Վահե Ավետյանի, Հայկ Կյուրեղյանի, Արթուր Սարգսյանի, Գևորգ Սաֆարյանի՝ տոնածառի, Վարդգես Գասպարիի գործերի նկատմամբ, հանդես եք եկե՞լ արդյոք հատուկ կարծիքով»,- այսօր խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար հառաջադրված թեկնածու Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Թեկնածուն խնդրեց հաշվի առնել, որ այս ամբիոնից հանդես է գալիս որպես Վճռաբեկ դատարանի դատավոր և կախված քվերակության արդյունքներից, բացառված չէ, որ շարունակի պաշտոնավարել որպես դատավոր. «Կոնկրետ գործերով, որոնցով կան ուժի մեջ մտած դատական ակտեր, կարծիքներ հայտնելը դատավորի համար անթույլատրելի է, այդ արգելքը դրված է օրենսդրությամբ, դատավորն իրավունք չունի հրապարակայնորեն քննադատության առարկա դարձնել կամ իր կարծիքը հայտնել արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով»։
Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չեմ կարող քվերակել Ձեր օգտին, եթե չգիտեմ, թե դուք ունեք այդ կարևոր հանրային հնչեղություն հարցերի վերաբերյալ Ձեր տեսակետը, ես չեմ վիճարկում դատական կանոնադրությունը, սակայն դուք այս ամբիոնի մոտ կանգնած եք որպես ՍԴ անդամի թեկնածու և մեզ համար շատ կարևոր կլիներ իմանալ, նման հանրային հնչեղություն ունեցող գործերում դուք Ձեր ուրույն սուբյեկտիվ մոտեցումն ունեցե՞լ եք, որը տարբերվել է մյուս դատավորներ ունեցած մեկ հավաքական կարծիքից»։
Ելիզավետա Դանիելյանը պատասխանեց, որ քվեարկել կամ չքվերակելը իր ընտրության խնդիրն է, թեև շատ կարևոր է բոլոր պատգամավորների դիրքորոշումն իր համար, սակայն ոչ մի պարագայում չի կարող խախտել օրենքը՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում։
«Բնականաբար, որպես մարդ և քաղաքացի ունեմ իմ դիրքորոշումը»,- հավելեց նա։
Նույն խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ՄԻՊ-ի՝ 2013 թ-ի զեկույցին, որտեղ դատական իշխանության նկատմամբ հաղորդում կար, որտեղ ներկայացվում էր թե կոռուպցիոն երևույթների հետ կապված դրսևորումներին, թե քաղաքացիների անվստահությանը:
«Կարևոր հանգամանք է պարզել, թե այդ կարծիքները ինչ հետազոտությունների հիման վրա են արված: Դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ զեկույցը հիմնված է փաստաբանական համայնքի և դատարանում գործ ունեցած քաղաքացիների կածիքների հիման վրա: Բնականաբար, դատարանում քննվող վեճերը առաջացնում են առնվազն երկու հակառակ շահեր, բևեռներ, որոնցից մեկը միշտ դժգոհ է, մյուսը, հնարավոր է, գոհ մնա: Իսկ հասարակությունը հիմնվում է, ցավոք, հենց դժգոհ զանգվածի հիման վրա»,-պատասխանեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երբևէ չեմ առնչվել վերևից ճնշման դեպքի. ՍԴ դատավորի թեկնածուն՝ Մելքումյանին
- ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը