Հայաստանը Իրանին մոնիթորինգի սարքեր կնվիրի
Հայաստանի և Իրանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում: Այս մասին հայտնել է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանը:
Նախարարը հայտնել Հայաստանի պատրաստակամությունը բարեկամական Իրանի հետ կիսվելու բնապահպանական առանձին խնդիրների` կլիմայի, բնապահպանական վճարների համակարգի ձևավորման ուղղությամբ ունեցած փորձով։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին կարևորել է ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների սահմանին «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության աջակցությամբ Հայաստան ազնվացեղ եղջերուի 3 առանձնյակի ներմուծման հաջողված աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի կողմից Իրանին կենդանիների մոնիթորինգի սարքեր տրամադրելու գործընթացին:
Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի ջրի որակին, մոնիթորինգի իրականացմանը, արտանետումների աղբյուրների լիարժեք բացահայտմանը վերաբերող հարցեր: