Տեր Վահրամ. Բացահայտումների ժամանակ է, բայց` ոչ նենգափոխումների
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն անդրադրձել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հունիսի 10-ին տեղի ունեցած միջադեպին, այն որակել տխրալի:
Հիշեցնենք, որ այդ օրը եկեղեցու մոտ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան պաշտպանողների միջև քաշքուկ էր առաջացել:
Տեր Վահրամը գրում է. «Տխրալի միջադեպի առիթով հայտնի նախաձեռնության ղեկավարները շտապեցին առաջինը հերթական մեղադրանքները հնչեցնել` ապահովագրելու սեփական պահվածքը, կատարելու «բացահայտումներ» և հետևաբար` եզրահանգումներ:
Հասկանալի է. բացահայտումների ժամանակ է, բայց` ոչ նենգափոխումների:
Բնավ նախաձեռնության անդամներին չեմ ուղղում խոսքս, առավել ևս, երբ ակնհայտ միտում եմ տեսնում նրանց մոտ` մարդկանց դասակարգելու և անվանարկելու:
Ցավում եմ, որ իրենց հարազատ եկեղեցականի ձեռնադրության առիթով տարբեր եկեղեցիներից և համայնքներից, այդ թվում և Ապարանից, եկած մարդիկ, նաև ծնողներ, անվանվեցին հրահրողներ: Չեմ խոսում, որ նախաձեռնության «փոքրիկ ակցիայով» ստվերվեց իրենց ուրախությունը:
Ցավում եմ, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները (ավագ լսարանների սաները սարկավագի աստիճանով) անվանվեցին սադրիչներ, թեպետ ճշմարտություն է, որ կիրակի օրերին ճեմարանականներն այցելում են Երևանի և Էջմիածնի եկեղեցիներ և ներկա գտնվում Ս. Պատարագին: Ինչպիսի՜ բացահայտում, ճեմարանականները պաշտպանում են իրենց Հայրապետին: Եթե մասնավոր կարգադրվեր այս ամենը «թվաքանակ ապահովելու համար», ապա Ճեմարանի 135 ուսանողներն այնտեղ կլինեին, ևս 50-ը` Վազգենյան դպրանոցից, 40-ը` Թրփանճյան ընծայարանից և մի երկու տասնյակ էլ` քահանայից պատրաստության լսարանից:
Տարօրինակ չէ ինձ համար նաև այն, որ նախաձեռնության կոչին ընդառաջ` տարբեր վայրերից, նաև Ոսկեհատ համայնքից, մարդիկ ժամանել էին թույլ չտալու անթույլատրելին:
Ես ցավում եմ, որ Հայ Եկեղեցու այս զավակները հայտնվել են այսպիսի գայթակղության և փորձության մեջ, ես ուրախ եմ, որ Հայ Եկեղեցու մնացյալ զավակները պատրաստակամ են սիրով սաստելու իրենց եղբայրներին, որովհետև ամենքս պետք է պատասխանատու և հոգատար լինենք միմյանց նկատմամբ:
Երեկ եպիսկոպոսների հերթական հավաքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:
Եղբայրներ, ամեն ինչ սեփական շահերից ելնելով կարկատելու ձգտումը կործանարար է: Եղեք միշտ անկեղծ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետևում բարձրաստիճան հոգևորականներ են կանգնած
- Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
- «Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է և անվավեր»
- Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին հրավիրել է Սուրբ Էջմիածին
- «Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան