Փաշինյան. Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Փաշինյանն ասել է՝ օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարի խոսքով, հաջորդ ամենակարևոր գործառույթն ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են և այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որն ունի ՀՔԾ-ն մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում:
«Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ ընտրված անձ հայտարարել հետևյալը. այն՝ ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջև դրված է այս խնդրի ապահովման հսկայական մասը և հույս ունեմ, որ ծառայությունն կիրականացնի իր այդ գործառույթը:
Ուզում եմ նաև ի վերջո լուծել իմ և ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը և այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է: Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- ասել է վարչապետը:
ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին մաղթել է հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ծառայության սկզբունքային, պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ նորանշանակ պետը կիրականացնի իր առջև դրված բոլոր խնդիրները:
Սասուն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և համոզմունք հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր:
«Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջև դրված բոլոր խնդիրները»,- ասել է Սասուն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան