Եթե չլինի բազմակարծություն, կառավարությունը չի կարող առաջ գնալ. Մարուքյան
Պարտադիր կուտակայինի հարցով երեկ եղել է բուռն քննարկում և բնական է, որ կողմերը իրենց կարծիքներն են արտահայտել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատագամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստին Արծվիկ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հայտնի բանավեճին։
Մարուքյանը շեշտեց՝ գործադիրում պաշտոնվարում են մի շարք պաշտոնյանդեր, ովքեր ժամանակին դեմ են հանդես եկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիրի բաղադրիչին, մինչդեռ նրանցից ոչ մեկ կաշկանդված չէ իր կարծիքը հայտնել։
«Այնտեղ մարդիկ են, ովքեր ժամանակին իրենց անցած ճանապարհի ընթացքում որոշակի գործողություններ են արել պարտադիր կուտակային համակարգի հետ կապված, և հետևաբար պետք է լիներ թեժ քննարկում», - նշեց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ հասարակության մեծ մասը դեմ է եղել ոչ թե վստահության պակասի, այլ պարտադիր բաղադրիչի պատճառով։
«Կառավարությունը հիմա ունի բարձր լեգիտիմության և վստահության ցուցանիշ, բայց մարդիկ, ովքեր դեմ են եղել պարտադիր բաղադրիչին, շարունակում են դեմ լինել։ Դա էլ է նորմալ: Քաղաքացիական հասարակությունում չեն կարող լինել որոշումներ, որ բոլորը կողմ են և երջանիկ», - ասաց նա։
Պատգամավորը նաև չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ վարչապետի և Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած բանավեճեից հետո նախարարները կկաշկանդվեն իրենց կարծիքն արտահայտել՝ զգուշանալով, որ Փաշինյանը հակադիր կարծիքներ չի ընդունում։
«Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի որպես ֆրակցիայի ղեկավար եմ աշխատել և չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որևէ կարծիք չհանդուրժի: Ցանկացած նախարար կհամարձակվի իր տեսակետը հայտնել, որովհետև, եթե չլինի բազմակարծություն, տեսակետների բախում, ապա կառավարությունը չի կարող առաջ գնալ»,- ասաց Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին