Թոշակը աղբամանի եզրին
«…Նախ պիտի սրանք հավաքես»,-պառավը ձայնը ցածրացնում է իմ մոտենալուն հետ, կարծես ես ուզում եմ իրենց գաղտնիքը իմանալ:
Իմ մոտենաը բնական է, իրենց այդտեղ լինելը՝ ոչ: Երկու հոգի աղբամանների մոտ լրիվ գործնական քննարկում են, թե աղբը ինչպես պիտի քրքրել: Դա անտանելիորեն անբնական է, տարիներ ի վեր, ու ես չեմ ուզում դրան սովորել՝ մի հասուն տղամարդ ու մի պառավ քննարկում են աղբամանների պարունակությունից օգուտ քաղելու հեշտ եղանակները:
Մի ժամանակ տղամարդը կանգնում էր աղբամանի հենց կողքին ու ամեն մոտեցողի ասում էր. «Տվեք ես թափեմ: Մեջը հա՞ց կա»:
Ու հասկանալի չէր՝ հավ-ճիվ ունի, չորացած հա՞ց է իրոք պետք, թե՞ նոր ծառայություն է ներմուծում: Հնարավոր է՝ վճարովի: Ես ամեն անգամ կարմրում եմ, իսկ մի անգամը պայուսակիս շոկոլադը տվեցի, ասացի՝ հաց չկա, ու համարյա փախա:
Հաց իրոք չկա: Ես խնամքով եմ հացն օգտագործում: Եթե արտադրողները խոնավ պահած չլինեն ու չբորբոսնի, ես հաց թափողը չեմ:
Թե՞ պիտի թափել: Մարդիկ կան, դրա կարիքն ունեն: Ու ինչ ամոթ է այդ մասին մտածել՝ մտածել, որ կարելի է ուտելիք թափել, որ աղբ քրքրողները գտնեն…:
Ուր ենք հասել:
Հասուն տղամարդը, որ իր վաստակած հացով, ու մի բան էլ ավել գնած, պիտի տուն մտնի, թոռները վազեն, թե՝ «Պապ, պապ, իսկ այսօր ինչ ես բերել»:
Հազար աղբամաններ տեսած պառավը՝ հարգված տատի դեմքով պիտի տան ամենահարմար տեղը նստած գուլպա գործեր: Կամ՝ դա էլ չաներ: Ոնց ուզեր:
Այս ուր ենք եկել:
Հասարակությունը կուտակային-չկուտակային է քննարկում, իսկ խառը աղբի մոտ մի պառավ հպարտորեն իր փորձն է փոխանցում մի ավելի ջահելի:
Տղամարդու:
Ես դա չեմ ուզում հասկանալ: Ես նույնիսկ պարտադիր կուտակայինը չեմ հասկանում: Սպասում եմ, թե երբ պիտի կառավարությունն ասի՝ «պլյուս» այսքան տոկոս հարկում ենք ձեր աշխատավարձից, գոհ եղեք, որ թաքուն դա էլ չենք որպես ուղղակի հարկ պահել:
Կուտակային պարտադիրի խնդիրը նրանում չէ, ինչը այսպես քննարկվում է:
«Պետությունը» ձեր գրպանից թռցնելու շատ եղանակներ ունի՝ այսպես, այնպես: Այստեղ խնդիրը այն է, որ պետությունը չի երաշխավորում ապահով ծերություն՝ դեռ մի քանի տասնամյակ ևս հաստատ:
Սա է վատը:
Ես վստահ եմ, որ եթե կառավարությունն այնքան «խորամանկություն» ունենար, որ կարողանար պահել թոշակային հին պահումների ձևը, մարդիկ չէին դժգոհի: Եթե նույնիսկ ավելացներ պահումները:
Իմ աշխատավարձից պահվում է, որ «աղբամանի պառավ թագուհին» նպա՞ստ ստանա: Թող:
Դա ճիշտ է, դա ապահովում է սոցիալական կապը, պատասխանատվությունը: Իսկ այս պարտադիրով սերմանվեց ու ապահովվեց վաղվա անապահովությունը: Ու ենթագիտակցաբար անգամ նման իրավիճակը բերում է դժգոհության:
Անապահով ծերություն. ի՞նչ ավելի վատ ու այսօրը թունավորող կանխատեսում կա:
Ուզու՞մ եք մյուս անգամ լսեմ ինչ է պատմում պառավը այն տղամարդուն…
Ա. Ո. (համառոտ հրապարակախոսություն)
Լուսանկարը՝ արխիվից
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան