Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից. ՀՀ Նախագահ
Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպումից հետո ՀՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հնչեցրած հարցերին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ վաղուց ծրագրում էր մի քանի օրով իր ընտանիքի անդամների հետ այցելել Արցախ և ցույց տալ մեծ մոր՝ Սաթենիկ մայրիկի ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը:
«Ստացվեց այնպես, որ այսօր եկել եմ կարճ այցով, որպեսզի հանդիպեմ ԱՀ Նախագահին և լինեմ Արցախի կողքին: Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացն էր սկսվել, հաճախ Երևան էր ժամանում Բակո Սահակյանը և իր ներկայությամբ բոլորիս հիշեցնում էր, որ ազգային շահերը վեր են ամեն ինչից: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի ծավալվող իրադարձությունները որևէ ձևով չանդրադառնան Արցախի կայունությանը և անվտանգությանը: Իմ պարտքն եմ համարում այսօր լինել Արցախում՝ որևէ ձևով ցանկություն չունենալով խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն, իսկապես, կայացած պետական միավոր է, երկիր, որն ունի ժողովրդական ինստիտուտներ, ընտրած խորհրդարան և նախագահ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ոչ միայն հպարտ են արցախցի լինելու համար, այլ որովհետև ունեն կայացած պետություն: Հուսով եմ՝ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ, որովհետև Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից»,- նշել է Ա. Սարգսյանը:
ՀՀ Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և Սփյուռքը ուշադիր հետևում են արցախյան իրադարձություններին:
«Արցախը մեր ողջ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք որևէ ձևով իրավունք չունենք պարտություն ունենալ այս հարցում: Վստահ եմ՝ բոլոր խնդիրները կգտնեն լուծումներ»,- եզրափակել է Ա. Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ
- Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք
- Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին