Արցախի պետնախարար. Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի
Հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Այնուհետև Գ. Մարտիրոսյանը այցելել է շրջանի հարավային թևի՝ վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասված հացահատիկային մշակաբույսերի դաշտեր և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքում մշակվող տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Անդրադառնալով մոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը՝ պետնախարարը հորդորել է շարունակել աշխատանքները նոր թափով։
Իշխանաձորում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը: Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին և շեշտել, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Այստեղ նա անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Անդրադառնալով կարկտահարության հետևանքով տուժած հողօգտագործողների խնդրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում հաշվի կառնվեն նաև հողօգտագործողների կարծիքները, և որոշում կկայացվի պետական աջակցության ձևի ու չափի մասին: Պետնախարարը հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվող շինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները։
Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղևորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Գ. Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է վերաբնակիչների համար տեղադրված ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին և խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չի լինելու: