Ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ բանակցություններում. քաղտեխնոլոգ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ երեկ ռուսական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում։
Փորձագիտական գնահատականներով, սա նուրբ ակնարկ էր առ այն, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միաժամանակ գտնվում են Մոսկվայում, սակայն հայկական կողմից Արցախի հարցով բանակցություններ կարող է վարել միայն ՀՀ նախագահը։
Հարցի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ՝ փորձելով ճշտել նաև նրա տեսակետը։
Անի Ղազարյան, Panorama.am- Պարոն Հակոբյան, Դուք և՞ս այն կարծիքին եք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի հայտարարությունն ավելի շատ ակնարկ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմից պետք է բանակցի բացառապես ՀՀ նախագահը և ոչ մի դեպքում՝ վարչապետը։
Վիգեն Հակոբյան- Ես դժվարանում եմ միանշանակ հասկանալ՝ ինչ է դա նշանակում ընդհանրապես, որովհետև ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանի նախագահն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ կամ միջպետական այլ բանակցություններում։ Համենայնդեպս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կարծես թե նման հարցեր չեն առաջանում. և ոչ միայն նրա մոտ։
Այնպես որ, այն, ինչի մասին հիմա խոսում է Պեսկովը, կարծում եմ՝ ընդհանրապես լուրջ չէ և բացարձակապես չի համընկնում այն դիրքորոշման հետ, ինչ որ կար հայ-ռուսական բանակցություններում։ Որովհետև նույն ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պուտինը բանակցություններ վարում էր։
Տվյալ դեպքում ես հսկայական անհամապատասխանություն եմ տեսնում այն գործողությունների, որ վարում է Պեսկովի ղեկավարը և նրա միջև, ինչի մասին Պեսկովն ասում է։ Տվյալ դեպքում, գուցե, Պեսկովն ավելի շատ Ադրբեջանի նախագահի խոսնակի դերն է կատարում։ Գուցե Ադրբեջանի նախագահն է նման կարծիք հայտնել։ Նորից եմ ասում, եթե նման հարց առաջանար Պուտինի մոտ, այսինքն՝ Պուտինն ասեր, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի նախագահի հետ, Պեսկովը դա մեկնաբաներ, ես դա կհասկանայի։ Բայց երբ Պեսկովն է դրա մասին խոսում, և ըստ էության խոսում է երկու այլ երկրների ղեկավարների հանդիպման մասին և ակնարկում է, որ այդ հանդիպումը չի լինի, քանի որ Ադրբեջանը չի ուզում հանդիպել ՀՀ վարչապետի հետ, այլ ուզում է հանդիպել նախագահի հետ, այս պարագայում ակնհայտ անհամապատասխանություն եմ տեսնում։
Երբ խոսում ենք ակնարկների մասին, այստեղ ակնարկ չկա ընդհանրապես։ Այստեղ կա տվյալ դեպքում, ես կարծում եմ, սուբորդինացիայի խախտում։ Այս դեպքում ես կհարցնեի պարոն Պեսկովին՝ այդ դեպքում ինչո՞ւ Պուտինը հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկեց, ըստ էության, միջպետական հարցեր, ոչ թե միայն տնտեսական հարցեր։ Սուբորդինացիայի խնդիր կա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին