Գլխավոր դատախազ. Մարտիմեկյան դեպքերով տրվել են հանձնարարականներ
«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները»,-հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ, կոլեգիայի նիստում նա հայտարարել է, որ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները:
«Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:
Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա