Մարզպետի միջնորդությունը ստանալուց հետո ստուգումներ կիրականացվեն Հրազդանի քաղաքապետարանում. Սուրեն Պապիկյան
«Հայաստանում այլևս գերակա է օրենքը, այսինքն՝ անկախ մարդու քաղաքական անցյալից, նախկին կենսաձևից՝ այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ, յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե կառավարության կազմում նշանակված որոշ կադրերի անուններ նախկինում շաղկապված են եղել կոռուպցիոն պատմությունների հետ:
Լրագրողների հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, թե նոր մարզպետները կադրային ջարդ են սկսել մարզպետարաններում, մասնավորապես՝ Շիրակի մարզպետն ասել է՝ պահակից սկսած մինչև փոխմարզպետ աշխատանքից ազատելու է, Սուրեն Պապիկյանն ասաց. «Չի կարող նման բան լինել: Այնտեղ կան նաև հայեցողական պաշտոններ, որը մարզպետը կարող է իր հայեցողությամբ փոխել՝ դա իր աշխատակազմն է, իսկ մնացյալը լինում են մրցութային կարգով: Այս պահին մրցույթներ անցկացնել պարզապես չեն կարող, քանի որ փոփոխություն է տեղի ունենում նաև քաղաքացիական ծառայողի ինստիտուտում և հուլիսի 1-ից հետո դա իրականացնել հնարավոր չէ, այնպես որ հանգիստ եղեք»:
Լրագրողները նախարարին նաև ասացին, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ Հրազդանի քաղաքապետին հորդորել է հեռանալ, բայց մարզպետն իրավունք չունի ընտրովի մարմնի հրաժարականի հարց բարձրացնել։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ չի կարծում մարզպետն իրեն նման բան թույլ է տվել, առաջին անգամ է այդ մասին լսում: Ըստ նրա՝ ՏԻՄ մարմինն ընտրվում է ժողովրդի կողմից և միջամտելու իրավասություն չունեն:
Հարցին՝ արդեն ստացե՞լ են Կոտայքի մարզպետի միջնորդությունը, որպեսզի ստուգումներ սկսեն Հրազդանի քաղաքապետարանում, նախարարը հայտնեց, որ չեն ստացել, բայց ստանալուն պես անմիջապես կգործեն, որովհետև միջնորդությունն անհիմն չի կարող լինել:
Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ կզբաղվի լրագրողների բարձրացրած հարցերով: