Արտակ Մանուկյան. Ամանորյա ձևավորման ծառայության մատուցման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել փետրվարին
Հինգ պետական մարմնի բաժին է ընկնում ամբողջ գործուղումների գրեթե կեսը: Դրանք են տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ԱԻ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունները:
Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը: Նա ուսումնասիրել է, թե որ նախարարություններից են առավել շատ գործուղվում, ինչքան գումար է ծախսվել ավիատոմսերի ձեռք բերման համար:
2017-ից մինչ այսօր առավել շատ գործուղված պաշտոնյան Վաչե Գաբրիելյանն է, նրան հետևում են Հայկ Արզումանի Հարությունյանը, Վահան Մարտիրոսյանը, Աշոտը Մանուկյանը, Զարմինե Զեյթունցյանը:
«Մեկ տարվա ընթացքում առնվազն 1.2 մլրդ դրամ է ծախսվել ավիատոմսերի ձեռքբերման համար: Ավիատոմսերի գերակշիռ մասը՝ 336 մլն դրամ բաժին է ընկել պաշտպանության նախարարությունը, 80 մլն դրամը՝ ԱԳ նախարարությանը, 49 մլն դրամ ՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, 42 մլն դրամ՝ ԵՊՀ-ին»,-մանրամասնեց բանախոսը:
ՀԿ-ն ուսումնասիրել է նաև պետական գնումները: Երևանի քաղաքապետարանը 7.8 մլրդ դրամի պետական գնում է իրականացրել:
«Նկատել ենք որոշակի ընկերություններ, որոնց անունները կրկնվում են: Առկա է բավականաչափ մեծ կենտրոնացվածություն, գումարների մոտ 85 տոկոսը բաժին է ընկնում 50 ընկերությունների»,-ասաց Ա. Մանուկյանը:
ՀԿ ղեկավարը նշեց, եղել են դեպքեր, երբ խոշոր ընկերությունների մասին տեղեկություններ հավաքել դժվարացել են, քանի որ չեն ունեցել կայքեր:
«Պատկերացրեք, մարդիկ միլիոնավոր դրամների մրցույթ են շահում, բայց ոչ միայն կայք չունեն, այլև նրանց մասին տեղեկություններ չկան սոցցանցերում, համացանցում: Դա, իմ կարծիքով, չի համապատասխանում սոցիալական պատասխանատվության, հաշվետվողականության ստանդարտներին: Մի ընդհանրություն էլ կա, այդ ընկերությունների գրեթե բոլոր հիմնադիրների մասնակցությունը ինչ-ինչ հիմքերով դադարեցված է»,-նշեց բանախոսը:
Ա. Մանուկյանը նկատել է, որ ամանորյա ձևավորման ծառայության մատուցման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել փետրվարին, վճարումը սկսել է հունիսից: ՀԿ նախագահի խոսքով, իրենց ձեռքում եղած ապրանքագրերը թույլ են տալիս եզրակացնելու, որ կոռուպցիոն երևույթներ կան:
Օրինակ, ըստ նրա, մարզերից մանկապարտեզներից մեկը շաքարավազ գնել է 500 դրամով, երբ ամենաթանկ խանութում էլ նման գին չես գտնի: