«Դիլիջան» ազգային պարկ»-ում չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ- ի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ. բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ չարաշահումներն արձանագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։
ՔԿ-ից մանրամասնում են. ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Աբրահամյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է ազգային պարկի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված բենզինը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:
Մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրամադրված բենզինի և դիզվառելիքի դուրս գրման փաստաթղթերում ձևական թվեր են նշվել՝ վառելիքը աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ, որի միջոցով քողարկվել է տնօրենի կողմից գերծախսված բենզինը և նախորդ ամիսների կուտակված պարտքերը:
Դեպքի առթիվ 2018 թվականի հունիսի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկա և նախկին ղեկավարներին