Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահները
«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում: Հրապարակված ուղեցույցում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,-հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը կայացած նիստում:
Դատական դեպարտամենտի տրամադրած հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվել է տվյալ դատարանների նախագահների ընտրություն:
Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արման Կուրեխյանը: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել և անցկացվել է լրացուցիչ ընտրություն, որին մասնակցել են առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:
Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Սամվել Գրիգորյանը: