«Ռուսաստանը պրոբլեմներ չպետք է ստեղծի, որովհետև մենք պահանջելու ենք մեր ունեցածը՝ Նախիջևանը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով Մոսկվա կատարած իր այցին, նշեց, որ «այն արդյունավետ էր»: Վարչապետն հավաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, որ «այդ հարաբերություններում պրոբլեմներ չկան»։
Իմանալու՝ իսկապե՞ս ամեն ինչ այդքան լավ է, գլոբալ խնդիրներ, որպես այդպիսիք, չկա՞ն, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
«Կարող եմ հետևյալն ասել. քանի որ կառավարության ծրագրում առաջադրվել է Ռուսաստանի հետ հավասար հարաբերությունների ստեղծում, որը երկար ժամանակ չի եղել, և բացի այդ, վարչապետն Արցախի հարցով Ստեփանակերտում բաց հայտարարությունով է հանդես եկել, ինձ թվում է՝ ինքն այդ ոլորտներում դիմադրություն չի տեսնում։ Եթե չի տեսնում՝ հոյակապ է։ Այսինքն՝ Ռուսաստանը, հավանաբար, ընդունում է հայկական թեզիսը, որ մենք կարող ենք ռազմավարական գործընկերներ լինել, եթե դաշնակիցներ չենք։ Ես ուզում եմ այս համատեքստում դիտարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը»,- նշեց մեր զրուցակիցը։
Լևոն Շիրինյանի խոսքով, օտարները շատ լավ լսում և ֆիքսում են ՀՀ վարչապետի՝ բազմիցս կրկնած այն միտքը, որ իր աշխարհայացքն ու քաղաքականությունը հայամետ և հայաստանակենտրոն է։
«Ռուսաստանն առայժմ հայտարարություն չի արել, որևէ գործողություն չի արել, ինչն ինձ թույլ է տալիս ասելու, որ հայաստանակենտրոն նիշն ընդունելի է։ Դա տևական կլինի, թե ոչ, կտեսնենք»,- ասաց քաղաքագետը։
Հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում մինչև ո՞ր պահը կարող են խնդիրներ չլինել, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Եթե ասվում է զրո պրոբլեմ, դա դեռ չի նշանակում, որ ընթացիկ, աշխատանքայի հարցեր, հակասություններ և քննարկումներ չկան։ Դրանք մշտապես կլինեն»։
Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց՝ եթե այսօր երկկողմ հարաբերություններում խնդիրներ չկան, դա դեռ չի նշանակում, որ վաղը ևս չեն լինի։ Խնդիրներ կարող են հարուցել մասնավորապես Նախիջևանը վերադարձնելու՝ հայկական կողմի հայտը (քաղաքագետի համոզմամբ, Նախիջևանը Ռուսաստանի անօրինական նվերն է Ադրբեջանին և այս հարցում ՌԴ-ն պետք է դժկամությամբ համաձայնի)։
«Մենք Ադրբեջանի հետ պետաիրավական որևէ հարց չունենք։ Վերցրել են ձեր փողը ձեր գրպանից, տվել են ուրիշին։ Ռուսաստանը պրոբլեմներ չպետք է ստեղծի, որովհետև մենք պահանջելու ենք մեր ունեցածը, որը մեզ չհարցնելով՝ նա հակաօրինական ճանապարհով նվիրել է իր բարեկամ թուրքերին»,- նետեց քաղաքագետը։