Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում
Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 28-ից կգործի «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցադրությունը, որը մեկտեղել է շուրջ 100 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսի համադրող Հայկուշ Սահակյանը Panorama.am-ին ասաց, որ այս ցուցահանդեսը շատերի համար բացահայտում կլինի, քանի որ արվեստասերներին ծանոթ են հիմնականում Մինասի գեղանկարչական աշխատանքները:
«Այդ իսկ պատճառով նկարչի ծննդյան 90-ամյակին նվիրված այս ցուցահանդեսն ընդգրկում է Մինասի գործունեության ամենատարբեր բնագավառները` գրաֆիկա, թատերական և կինոձևավորումներ, որոնցից շատերը երբևէ չեն ցուցադրվել: Այս առումով կարելի է ասել, որ ցուցահանդեսը շատերի համար բացահայտում կլինի»,- նշեց նա:
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար: Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում: Մինասն աշխատել է նաև կինոյում, Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչն է։
1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։