ՏՏ ոլորտում վերջապես դարձել ենք արտահանող երկիր. Սամվել Մարտիրոսյան
Այսօր Ամերիկյան համալսարանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2018»-ը, որի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, միջոցառման կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանը, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում հայաստանյան ՏՏ ոլորտը որակական լուրջ փոփոխություններ է կրել, ինչը, գուցե, ներքին շուկայում այդքան էլ չի երևացել։
«Փաստացի, մենք վերջապես դարձել ենք արտահանող երկիր։ Խոսքը դեռևս այնքան էլ մեծ զանգվածների մասին չէ, բայց դեռ 10 տարի առաջ Հայաստանը «նստած» էր դրսի պատվերների վրա։ Հիմա իրավիճակ է փոխվել, փոխվել է նաև ՏՏ համայնքի հոգեբանությունը։ Նույն ԲարՔեմփի և նմանատիպ միջոցառումների դրական ազդեցությունն այն էր, որ եթե մինչև այժմ ամեն մեկը դրսի համար էր գործ անում, շփում, գիտելիքների փոխանակում համարյա չկար, հիմա փաստացի սկսել է ՏՏ համայնք ձևավորվել։ Մենք հիմա դուրս ենք նայում։ ՏՏ ոլորտն ինչո՞վ է հետաքրքիր. նրանով, որ եթե այսօր մի գործում երեք հոգի են, կես տարի հետո կարող են դառնալ թնդացող թիմ։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում»,- ասաց ոլորտի ներկայացուցիչը։
Գրագետ ՏՏ համայնք ունենալու գործում Սամվել Մարտիրոսյանը խիստ կարևորեց կրթության, ինչպես նաև ներդրողների դերը, քանի որ շատ կարևոր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ միանգամից մեծ, ռիսկային գումարներ մտնեն։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին նշեց, որ արդեն 5-րդ տարին է, ինչ իրենց ընկերությունը հովանավորում է ԲարՔեմփը։
«Մեր ընկերություն իր սոցիալական պատասխանատվությա ն մեջ հստակ ուղղություն է սահմանել կրթությունը, IT ոլորտը և ինժեներական միտքը զարգացնելը։ Սա մի հարթակ է, որտեղ բոլորը կարող են կիսվել իրենց ունակություններով ու նորարորություններով։ Մենք պատրաստ ենք կանգնել այն բոլոր սթարտապներին, որոնք հետաքրքիր մտքեր ունեն և կարող են օգտագործել մեր հզոր ցանցը։
Այս պահին էլ 2-3 նախագծեր են իրականացվում, որոնք շուտով կլինեն շուկայում։ ԲարՔեմփը հարթակ է, որտեղ հասանելի են դառնում այդ նախագծերը։ Մենք ինովացիոն նոր բաժին ենք ստեղծում, որի միջոցով բոլոր սթարտապերը կկարողանան մեզ հետ շատ հեշտորեն շփվել»,- նշեց Հայկ Եսայանը։