Պատգամավորը նկատողություն արեց նախարարին՝ լսումներին ներկա չլինելու համար
«Այն մշակութային քաղաքականությունը, որը տարվել է և տարվում է երկրում, ինձ համար բացարձակապես անընդունելի է, ինչ-որ բան պիտի կոտրվի, ջարդվի, և մենք երբևէ չպիտի վախենանք դրանից»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած «ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ ժամանակ իր ելությում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ լսումներին ներկա չէր Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ինչի հետ կապված Զոհրաբյանն ասաց. «Հարգարժան փոխնախարարներ, խնդրում եմ փոխանցեք նախարարին, որ տարրական բարեկրթությունը պահանջում է, որ եթե ինքը ներկա չէ և ունի շատ ավելի կարևոր հանձնառություն, նախապես տեղեկացնել գլխադասային հանձնաժողովներին»։
Պատգամավորը հույս հայտնեց, որ կկարողանան հիմք դնել խորհրդարան-ստեղծագործական միություններ ճիշտ աշխատանքին։
«Մենք երկար միասին աշխատել ենք ստեղծագործական միություններիմ մասին օրենքի շուրջ, բայց եթե հիմա ինձ հարցնեք, այդ օրենքը մեզ պետք է, թե ոչ, ես կդժվարանամ պատասխանել։ Իսկ եթե շատ ստիպեք, որ լինեմ անկեղծ, կասեմ՝ ոչ»,- ասաց Զոհրաբյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն հետաքրքրվեց, թե արվեստագետներին և մշակույթի գործիչներին տրվող կոչումների վերաբերյալ Զոհրաբյանի տեսակետով. «Չեմ կարծում, որ ամենալավ միջոցը ժողովրդական և վաստակավոր կոչումներն են։ Այս խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ, եթե մենք ընտրակաշառքը դիտում ենք՝ «Բարև ձեզ, առ 10 000 դրամ», դա չէ, վաստակավորի կոչում են տալիս, որ մի ամբողջ տարի ուղեկցեն այդ «թատերախմբին»։ Ընդդիմության մեջ որևէ հայտնի արվեստագետ վախեցել է իր տեսակետը հայտնել, որովհետև պատժվել է եթերազրկմամբ»։
Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում վաստակավոր քարտաշ, քարտաշը քարտաշ է։ Մեզանում մտավորականները քիչ են, քանի որ իշխանություններն այլ վեղար են հագցրել, փորձել են ստանալ իրենց սպասարկող մեկը, ինչը հեղինակազրկել է մտավորական եզրույթը»։