Դեպրեսիայի բուժման նոր մեթոդ է հայտնաբերվել
Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ դեպրեսիա ունեցող պացիենտի ուղեղի էլեկտրական ակտիվությունը՝ պարգևատրում ստանալիս, կարող է արդյունավետ բուժման օբյեկտիվ ցուցիչ լինել:
Լենռա.ռու-ի հաղորդմամբ, հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Psychiatry ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է կլինիկական դեպրեսիա ունեցող 63 մարդ:
Գիտափորձի ժամանակ մասնակիցներին էկրանի վրա երկու դուռ են ցուցադրել: Մեկի վրա մրցանակն է եղել՝ փոքր դրամական պարգևատրում: Եթե մասնակիցն ընտրել է մրցանակով դուռը, ապա նա ստացել է այն, եթե ոչ, ապա կորցրել է գումարը:
Գիտափորձն անցնելուց հետո պացիենտներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին նշանակել են հակադեպրեսանտների 12-շաբաթյա կուրս, իսկ երկրորդին՝ կոգնիտիվ-վարքային փսիխոթերապիայի կուրս՝ շաբաթը մեկ՝ 12 շաբաթվա ընթացքում:
Ստուգողական խմբում եղել է 25 մարդ: Նրանք նաև գիտափորձ են անցել, սակայն նրանց բուժում չեն նշանակել: Բուժման ավարտից հետո գիտափորձը ևս մեկ անգամ կրկնել են:
Պարզվել է, որ ուղեղի էլեկտրական ակտիվության աճը կապված է դեպրեսիվ ախտանշանների և տագնապի նվազման հետ: Բացի այդ, հատկապես ցածր ցուցանիշներով մարդկանց ավելի շատ օգնել են հակադեպրեսանտները, այլ ոչ թե պսիխոթերապիան:
Արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ գլխուղեղի էլեկտրական ակտիվության ցուցանիշները՝ ի պատասխան պարգևատրության, կարող են օգնել ախտորոշելու դեպրեսիան և գնահատելու բուժման մեթոդների արդյունավետությունը: