Շուլի Հակոբյանը՝ ծննդյան տոնի, անակնկալների և շնորհավորանքների մասին
Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանն այսօր նշում է ծննդյան 22-րդ տարեդարձը:
Շուլին տոնական օրը սկսել է աշխատավայրում, առաջին շնորհավորանքը ստացել է հարազատներից՝ ծնողներից ու քույրիկից, օրվա ընթացքում շնորհավորանքներ շարունակում է ստանալ ոչ միայն հարազատներից, ընկերներից, մտերիմներից, այլև անծանոթներից:
Այսօր բոլորը՝ մեծից փոքր, գիտեն գյումրեցի տղային, որ երկու տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցեց:
Նրա ընկերը՝ գյումրեցի Ռաֆայել Հովհաննիսյանը, ապրիլյանի ժամանակ երեք «պոստ» այն կողմ էր եղել՝ նույնպես 3 տանկ էր խոցել, ու դիրքերում տղաների սխրանքի մասին խոսելիս պարզապես ասում էին՝ «Գյումրին 6 տանկ է խփել»:
Շուլին իրեն հերոս չի համարում ու հարցազրույցներում էլ մշտապես ասում է, որ իր արածը հերոսություն չէր, առաջադրանք է կատարել, իսկ հերոս են այն տղաները, որոնք չեն խնայել ոչինչ ու զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի: Բայց մեզ համար նա և ապրիլյանի տղաները հերոսներ են, իսկական հերոսներ, որոնց համար հայրենիքը վեր էր ամեն ինչից:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շուլի Հակոբյանն ասում է, որ ծննդյան օրերը հատուկ չի նշում, բայց հարազատներն այդ օրը միշտ տոն են դարձնում: Այսօր դեռ չգիտի օրն ինչպես կանցնի, դեռ ոչինչի չի պլանավորվել, բայց չի բացառում, որ անակնկալներ կլինեն:
Ծննդյան տարեդարձերից առանձնացնում է 20-ամյակը, որը Շուլին դիմավորել է խրամատ փորելով, ինժեներական աշխատանք իրականացնելով: Հիշում է՝ ընդամենը զորացրումից տասն օր առաջ է դիրքերից իջել։
«Ապրիլյան պատերազմից հետո էր, մի քանի օրվա մեջ շատ բան էր փոխվել իմ ու հասակակիցներիս կյանքում: Մինչև 20 տարեկանն այլ պատկերացումներ ունեի, այլ նպատակներ, իսկ 20-ամյակիս բոլորովին այլ մարդ էի՝ ապրիլյան մարտական գործողություններից հետո շատ արժեքներ փոխվեցին»,- ասում է Շուլին:
Պատերազմի միջով անցած, պատերազմ ապրած ու ընկերներ կորցրած երիտասարդը միայն մեկ ցանկություն ունի. «Միայն ուզում եմ խաղաղություն լինի, մարդկանց կյանքում դրական փոփոխությունները , նպատակները, երազանքները միայն մեկ բանի հետ են կապված՝ խաղաղության: Եթե դա լինի, դրանց հնարավորությունն էլ կլինի»:
Նպատակների մասին չի խոսում, ընտանիք կազմելու մասին էլ դեռ չի մտածում, խոստովանում է, որ դեռ ընկերուհի չունի, բայց հարցին՝ աղջիկները ծննդյան օրը չե՞ն շնորհավորել, միայն ժպտում է՝ հաստատելով, որ շնորհավորանքներ եղել են:
Մենք էլ բոլորի հետ ասում ենք՝ ծնունդդ շնորհավոր, Շուլի:
Շուլին ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին: Ժամկետային ծառայության մեկնել է 2014 թվականին, զինծառայությունն անցկացրել է Մատաղիսում, ապրիլյան պատերազմի օրերին եղել է Թալիշում: Ծառայել է հակատանկային ջոկատում, եղել է առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալը: Ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ:
22-ամյա Շուլին այսօր աշխատում է Պաշտպանության նախարարությունում, զուգահեռ, սովորում է Երևանի պետական համալսարանում:
Լուսանկարները՝ Panorama.am-ի և Շուլի Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Ապրիլյանի հերոսներից Հարությունի ծննդյան օրն է
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
- Հակառակորդի ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյան. «Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում»
- Իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես. Շուլի Հակոբյան, «Հայ զինվոր»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին